Հանրային Խորհրդի հանձնաժողովի կազմում ձևավորվող ենթահանձնաժողովների քանակը չի կարող գերազանցել ՀԽ կանոնադրության Գլուխ 3, կետ 15-ում նշված հանձնաժողովների ոլորտների թիվը: Անհրաժեշտության դեպքում, ՀԽ հանձնաժողովի հիմնավորմամբ և ՀԽ համաձայնությամբ կարող են ստեղծվել լրացուցիչ ենթահանձնաժողովներ: Ենթահանձնաժողովի կազմը ձևավորվում է տվյալ հանձնաժողովի անդամների ցանկությամբ: Ենթահանձնաժողովը կազմված է նվազագույնը 12 անդամից: Ենթահանձնաժողովի նախագահը ընտրվում է տվյալ ենթահանձնաժողովի անդամների կողմից բաց քվեարկությամբ: Ենթահանձնաժողովի անդամների որոշմամբ կարող է անցկացվել փակ քվեարկություն:
Հանրային Խորհրդի յուրաքանչյուր անդամ (բացառությամբ ՀԽ նախագահի), ով հանձնաժողովի նախագահ չէ, կամավորության սկզբունքով, ՀԽ նախագահի կողմից որոշված նպատակահարմարությունից ելնելով ներգրավվում է մեկ կամ երկու հանձնաժողովներում: Հանրային Խորհրդի յուրաքանչյուր հանձնաժողովում ներգրավված Հանրային Խորհրդի անդամների թիվը պետք է լինի ոչ ավելի, քան երեքը:
Հանրային Խորհրդի ոլորտային հանձնաժողովների, ենթահանձնաժողովների և աշխատանքային խմբերի գործունեությունը համակարգելու, հանձնաժողովների և Հանրային Խորհրդի միջև լիարժեք փոխհամագործակցություն և փոխհամաձայնություն ապահովելու նպատակով յուրաքանչյուր հանձնաժողովում ստեղծվում է կոլեգիա (նախագահություն): Կոլեգիան (նախագահությունը) բաղկացած է.
- Հանձնաժողովի նախագահից, որը հանդիսանում է կոլեգիայի նախագահ,
- Ենթահանձնաժողովների նախագահներից,
- Տվյալ հանձնաժողովի կողմից ստեղծված աշխատանքային խմբերի ղեկավարներից,
- Կոլեգիայի կազմում հանձնաժողովի նիստի որոշմամբ կարող են ընդգրկվել նաև բարձր որակավորում ունեցող մինչև 3 մասնագետ, փորձագետ, հասարակական միավորումների ներկայացուցիչ:
Հանձնաժողովում Հանրային Խորհրդի նախագահի որոշմամբ ներգրավված Հանրային Խորհրդի անդամները մասնակցում են հանձնաժողովների կոլեգիաների նիստերին` ցանկության դեպքում դառնալով կոլեգիայի անդամ: