«ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման 2015-2018 թթ. միջոցառումների» շրջանակում Հանրային խորհրդի 2015-2016 թթ. իրականացրած քայլերի վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն

08.11.2017

Տեղեկատվություն

ՀՀ կառավարության 2015թ. սեպտեմբերի 25-ի N1141-Ն որոշման 2-րդ հավելվածով հաստատված՝ «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման 2015-2018 թթ. միջոցառումների» 32-րդ կետով նախատեսված՝ ՀՀ Հանրային խորհրդում 2015-2016 թթ. իրականացված միջոցառումների, աշխատանքների և քայլերի վերաբերյալ

 

1. 2015թ. մարտին Հանրային խորհրդի ղեկավարության կողմից հավանության է արժանացել և ՀՀ կառավարությանն է ներկայացվել ՀԽ անդամ, Քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանի առաջարկությունների և նկատառումների փաթեթը՝ ՀՀ կառավարության «Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ և փորձագիտական հանձնախումբ ստեղծելու, խորհրդի կազմը, խորհրդի, փորձագիտական հանձնախմբի, ՀՀ կառավարության աշխատակազմի հակակոռուպցիոն ծրագրերի մոնիթորինգի բաժնի գործունեության կազմը հաստատելու մասին» 2015թ. փետրվարի 19-ի N 165-Ն որոշման և «ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմ հասարակական կազմակերպությունների ներգրավման և ռոտացիայի կարգը սահմանելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագծի վերաբերյալ:

Մի շարք նկատառումների շարքում առաջարկվել է մասնավորապես ա)կոռոպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմում ավելացնել հասարակական կազմակերպությունների թիվը, բ)հստակեցնել և պարզեցնել ԿԴՊ խորհրդի կազմում ՀԿ-ների ընդգրկման կարգը, գ)ապահովել նաև Խորհրդի կազմում ԶԼՄ-ների ներգրավվածությունը և անմիջական դերակատարությունը:

2. Հանրային խորհրդի նախագահը հանդիսանում է Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի անդամ (համաձայնությամբ) և պարբերաբար մասնակցում է Խորհրդի աշխատանքներին:

3. 2015թ. դեկտեմբերին ՀՀ Հանրային խորհրդի նախագահի մոտ տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում, որին մասնակցել են ՀԽ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀԽ անդամ Գրիգոր Բադիրյանը և ՀՀ Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել է ՀՀ-ում Հակակռուպցիոն ռազմավարության իրականացման 2015-2018 թվականների միջոցառումների ծրագրի նախագծի 32-րդ կետը, որը նախատեսում է Հանրային խորհրդի նիստերի ընթացքում կոռուպցիայի կանխարգելման և կոռուպցիայի դեմ պայքարի հարցերի քննարկում, հանրային իրազեկման բարձրացում կոռուպցիայի գոյության, պատճառների, ծանրության և դրա հասցրած վնասների վերաբերյալ, այդ հարցերի քննարկումների վերաբերյալ տեղեկատվության հրապարակում և հասանելիության ապահովում հանրության համար:

4. 2016թ. հունվարին ՀԽ նախագահի որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ՝ Հխ անդամների ներգրավմամբ, որի աշխատանքների համակարգումը հանձնարարվել է ՀԽ Պետաիրավական հարցերի և Քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողովների նախագահներին: Աշխատանքային խորհրդակցության արդյունքում որոշվել է տարեկան առնվազն չորս անգամ կազմակերպել հանդիպումներ և լսումներ՝ հակակոռուպցիոն քաղաքականության իրականացման ընթացքի քննարկման և առաջ եկած խնդիրների մասին իրազեկման նպատակներով: Որոշվել է նաև այդ աշխատանքներում ներգրավել կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով ակտիվորեն զբաղվող ոչ կառավարական տարբեր կազմակերպություների:

5. Այդ խնդիրները քննարկվել են մարտ ամսին կայացած ՀՀ Հանրային խորհրդի լիագումար նիստի ընթացքում: 2016թ. մարտին ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի մոտ վերոնշյալ հարցերի վերաբերյալ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են ԵՄ Բազմաոլորտային բյուջետային աջակցության ծրագրերի հատկացման պայմանների վերանայման թիմի ղեկավար Լոնդա Էսաձեն, ՀՀ Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, ՀԽ աշխատանքային խմբի անդամներ Գրիգոր Բադիրյանն ու Հովհաննես Հովհաննիսյանը:

6. 2016թ. ապրիլի 29-ին տեղի է ունեցել ՀԽ լիագումար նիստ, որի օրակարգի հիմնական հարցերից մեկը եղել է ՀՀ-ում Հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման 2015-2018 թվականների միջոցառումների ծրագրի նախագծի քննարկումը:

Նիստին մասնակցել են եղել ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը, «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը, «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ նախագահ Կարեն Զադոյանն ու կազմակերպության վարչության անդամ Մարատ Ատովմյանը:

Քննարկվել է փոխնախարար Ս.Քրմոյանի հաղորդումը ՀՀ-ում Հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման 2015-2018 թվականների միջոցառումների ծրագրի իրականացման ուղությամբ կատարվող քայլերի վերաբերյալ:
ՀԿ-ների ներկայացուցիչները խոսել են կոռուպցիայի բացահայտման, դրա դեմ պայքարի ուղղությամբ տարվող իրենց գործունեության ուղղությունների մասին` ներկայացնելով բազմաթիվ առաջարկներ ու ծրագրեր, օրենսդրական նախաձեռնությունների նախագծեր:

ՀԽ անդամները կարևորել են կոռուպցիայի դեմ պայքարում Հանրային խորհրդի մասնակցությունը` նշելով, որ ստեղծման օրվանից խորհրդում քննարկվել են կոռուպցիոն դրսևորումների վերաբերյալ հարցեր: ՀԽ անդամները կարևորել են նաև խորհրդում պարբերաբար կոռուպցիայի կանխարգելման թեմայով քննարկումներ անցկացնելու անհրաժեշտությունը: Բարձրացվել են հարցեր` կապված Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի գործունեության, դրա արդյունավետության և ընդհանրապես կոռուպցիայի դեմ պայքարի ներկա իրավիճակի մասին` միաժամանակ քննարկվելով այդ խորհրդի աշխատանքներին ՀԽ մասնակցության նպատակահարմարության և ձևաչափի հարցերը:

7. Հայաստանում կոռուպցիայի, ստվերային տնտեսության, օլիգոպոլիաների և տնտեսական մոնոպոլիաների դեմ պայքարի անհրաժեշտության վերաբերյալ հարցերը ՀԽ անդամների կողմից բարձրացվել են նաև ՀՀ Նախագահի հետ Հանրային խորհրդի հետ 2016թ. մայիսի 4-ին կայացած հանդիպման ընթացքում:

8. 2016թ. հոկտեմբերի 10-ին ՀՀ Արդարադատության նախարարությունում, Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի, փոխնախարար Սուրեն Քրմոյանի, ՀՀ Հանրային խորհրդի անդամ, Քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանի մասնակցությամբ տեղի է ունեցել հանդիպում-խորհրդակցություն <<Հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման 2015-2018 թվականների միջոցառումների ծրագրի>> շրջանակներում Արդարադատության նախարարության և Հանրային խորհրդի համագործակցության ձևաչափի լրամշակման և հստակեցման վերաբերյալ:
Կողմերը պայմանավորվել են պարբերաբար Հանրային խորհրդի և նրանում ստեղծված աշխատանքային խմբի քննարկմանը ներկայացնել Արդարադատության նախարարության կոնկրետ նախաձեռնություններ և այդ նախաձեռնությունների, ռազմավարության միջացառումների վերաբերյալ ընթացիկ հարցերի քննարկման նպատակով կազմակերպել լսումներ ՀԽ շրջանակներում:

9. 2016թ. հոկտեմբերի 25-ին ՀՀ-ում <<Հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման 2015-2018 թվականների միջոցառումների ծրագրի>> շրջանակներում տեղի է ունեցել հանդիպում-քննարկում աշխատանքային խմբի անդամներ՝ Հովհաննես Հովհաննիսյանի, (ՀԽ քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողովի նախագահ), Գրիգոր Բադիրյանի, (ՀԽ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ) ՀԽ պետաիրավական հարցերի հանձնաժողովի կոլեգիայի անդամ Մարատ Ատովմյանի, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանի, ԵՄ Բազմաոլորտային բյուջետային աջակցության ծրագրերի հատկացման պայմանների վերանայման խմբի ղեկավար Խաչիկ Հարությունյանի, Եվրամիության քաղաքացիական ծառայության փորձագետ Ուլե Պուրգայի միջև: Հանդիպմանը ներկա է գտնվել ՀՀ Հանրային խորհդի նախագահ Վազգեն Մանուկյանը: Քննարկման ընթացքում մասնակիցները մտքեր են փոխանակել կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային և երվրոպական փորձի և ՀՀ-ում առկա խնդիրների վերաբերյալ: Հանրային խորհրդի անդամները ներկայացրել են տեղեկատվություն՝ իրենց կողմից կատարված և դեռևս կատարվելիք աշխատանքների վերաբերյալ (կազմակերպելիք լսումներ, փաստաթղթերի քննարկում):

10. 2016թ. նոյեմբերի 10-ին ՀԽ փոքր խորհրդի նիստի ընթացքում քննարկվել են «ՀՀ քրեական օրենսգրքում» և «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին նախագծերը` մասնավորապես պաշտոնատար անձի կողմից ապօրինի հարստացման քրեականացման նախաձեռնությունը: Քննարկվել է նաև ՀՀ ԱՆ տեղեկատվության ազատության ոլորտի արդիականացման հայեցակարգը: Նիստի մասնակիցներ ընդհանուր առմամբ դրական են գնահատել ներկայացված առաջարկություններն ու նախագծերը: Որոշվել է ՀԽ անդամների մի շարք նկատառումներ և հարցադրումներ քննարկել ԱՆ պատասխանատումների հետ՝ ՀԽ աշխատանքային խմբի կողմից կազմակերպվելիք նիստի ընթացքում:

11. 2016թ. նոյեմբերի 17-ին ՀՀ Հանրային խորհրդում «Հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման 2015-2018 թվականների միջոցառումների ծրագրի» շրջանակներում տեղի է ունեցել աշխատանքային խմբի նիստ, որին մասնակցել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, ՀՀ արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Շուշան Դոյդոյանը, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը, ՀՀ Հանրային խորհրդի անդամներ Հովհաննես Հովհաննիսյանը (ՀԽ քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողովի նախագահ), Գրիգոր Բադիրյանը (ՀԽ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ), Կառլոս Ղազարյանը (ՀԽ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հանձնաժողովի նախագահ), Վազգեն Սաֆարյանը (ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ):
Աշխատանքային խումբը քննարկել է "ՀՀ քրեական օրենսգրքում" և "ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում" լրացումներ կատարելու մասին նախագծերը` մասնավորապես անդրադառնալով պաշտոնատար անձի կողմից ապօրինի հարստացման քրեականացման դրույթին: Քննարկվել է նաև ՀՀ ԱՆ տեղեկատվության ազատության ոլորտի արդիականացման հայեցակարգը: Աշխատանքային խմբի անդամների կողմից ներկայացվել են մի շարք առաջարկներ և դիտողություններ, որոնց մեծ մասը ընդունվել է Արդարադատության նախարարության պաշտոնյաների կողմից: Հաշվի առնելով ֆինանսական միջոցների խնայողության ուղղությամբ կառավարության կողմից տարվող քաղաքականությունը՝ առաջարկվել է տեղեկատվության ազատության հանձնակատարի ինստիտուտին վերապահված գործառույթները դնել ԱՆ անձնական տվյալների պաշտպանության գործակալության վրա:

12. 2016թ. դեկտեմբերի 15-ին ՀԽ Քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպվել են լսումներ ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակված` պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման և պատժաչափի կրճատման համակարգում բարեփոխումների փաթեթի քննարկման նպատակով: Միջոցառմանը մասնակցել են Հանրային խորհրդի անդամներ, ՔՀԿՀ հանձնաժողովի ներկայացուցիչներ, ոլորտի փորձագետներ, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը:
Նշվել է, որ 2006թ. ոլորտում իրականացված փոփոխությունները և անկախ հանձնաժողովների ձևավորումը պայմանավորված էին նաև առկա կոռուպցիոն երևույթները վերացնելու նպատակով: Թեև այդ խնդիրը լուծվել է, սակայն պայմանական վաղաժամկետ ազատման և պատժաչափի կրճատման մեխանիզմի գործառնական դաշտի նվազումը, չափորոշիչների հստակեցման անհրաժեշտությունը ենթադրում են նոր փոփոխություններ;
ԱՆ փոխնախարար Ս.Քրմոյանը ներկայացրել է բարեփոխումների հիմական դրույթներն ու դրանց հիմնավորումները:

ՀԽ ադամները ընդհանուր առմամբ դրական են գնահատել բարեփոխումների հիմքում ընկած սկզբումնքներ: Միաժամանակ բարձրացվել են հարցեր պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման և պատժաչափի կրճատման չափորոշիչների լրամշակման, ոլորտում կոռուպցիոն ռիսկերի բացառման, դատապարտյալների կացության և կենցաղային պայմանների բարելավման, աշխատանքային զբաղվածության, կրթական ծրագրերում ներգրավման, նրանց իրավունքների իրավական պաշտպանության խնդիրների բարելավման վերաբերյալ: Ուշադրություն է հրավիրվել վարչական և անկախ հանձնաժողովների փոխարեն մեկ միասնական հանձնաժողովի ստեղծման պարագայում հասարակական կարգով ընդգրկված անդամների զբավածության ավելացման և այդ կապակցությամբ առաջացող ֆինանսական և նյութական խնդիրների վրա:

13. Ապահովվել է ներկայացված միջոցառումների վերաբերյալ հանրային պատշաճ իրազեկումը: Դրանց մասին տեղեկատվությունը տեղադրվել է Հանրային խորհրդի պաշտոնական կայքում, հրապարակվել է տպագիր, էլեկտրոնային և ինտերնետային զանգվածային լրատվամիջոցներով: Ապահովվել է ԶԼՄ-ների ներկայացուցիչների մասնակցությունը միջոցառումներին: Կազմակերպվել են մամուլի ասուլիսներ:  

← Վերադառնալ ցուցակին