Հանրային խորհուրդը Կրթության և գիտության նախարարի հետ քննարկել է ոլորտի խնդիրներն ու հեռանկարները

01.05.2019

Հանրային խորհուրդը ապրիլի 30-ին Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հետ քննարկել է ոլորտի խնդիրները, ծրագրերն ու հեռանկարները։

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, ողջունելով խորհրդի անդամների հետ նախարարի առաջին հանդիպումը, առաջարկել է քննարկումն սկսել նախ ընդհանուր հիմնախնդիրներից, նպատակներից, կրթական արժեհամակարգի սկզբունքներից ու տեսլականից, որից հետո անցնել ավելի կոնկրետ հարցերի ու առաջարկների։

Անդրադառնալով հանրակրթության ոլորտի խնդիրներին՝ խորհրդի անդամները բարձրացրել են հատկապես դպրոցի և ուսուցիչների հեղինակությանը, դպրոց-ծնող փոխհարաբերություններին, ուսումնական ծրագրերի և դասագրքերի բովանդակությանը, հասարակագիտական առարկաների ներդրման անհրաժեշտությանը, գեղագիտական ու մարզական կրթության զարգացմանը, հեռավար ուսուցման համակարգի կատարելագործմանը, դպրոցում էկոլոգիական կրթության և մշակույթի ներդրման անհրաժեշտությանը, ուսուցիչների դրույքաչափերին, դասարանների խտությանը վերաբերող հարցեր։ Քննարկվել են նաև ավագ դպրոցի խնդիրները, կրթության զարգացման պետական ծրագրի բացակայությանը, մասնավոր դպրոց-պետություն համագործակցության խորացման անհրաժեշտությանը, միջին մասնագիտական կրթությանը, բուհական համակարգին, նախադպրոցական կրթության ոլորտին վերաբերող հարցեր։

Նախարարն իր հերթին ներկայացրել է նախարարության նոր ծրագրերը, գործունեության հիմնական ուղղություններն ու թիրախները, արձագանքել խորհրդի անդամների բարձրացրած հարցերին, անդրադարձել հնչած քննադատություններին ու առաջարկներին։ Արայիկ Հարությունյանը կարևորել է Հանրային խորհրդի հետ համագործակցությունը և պատրաստակամություն հայտնել պարբերաբար հանդիպելու։ 

← Վերադառնալ ցուցակին