Հանրային խորհրդի անդամներն առաջադրել են ՀԽ վերջին 15 անդամների թեկնածուներ

21.12.2018

Հանրային խորհրդի՝ ՀՀ կառավարության կողմից հաստատված և ՀԽ հանձնաժողովների կողմից ընտրված անդամներն այսօր՝ դեկտեմբերի 21-ին, առաջին համատեղ նիստն են անցկացրել, որի օրակարգում եղել է Հանրային խորհրդի վերջին 15 անդամների թեկնածության առաջադրման հարցը։

Հանրային խորհրդի անդամներից յուրաքանչյուրն առաջադրել է մեկական թեկնածու՝ ներկայացնելով ամենատարբեր ոլորտներում հեղինակություն և ավանդ ունեցող գործիչների։

«Հանրային խորհրդի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ առաջադրված թեկնածուներից գաղտնի քվեարկության միջոցով պետք է ընտրվեն առավելագույն ձայներ հավաքած 15 թեկնածուները։ Ընտրությունը տեղի կունենա հաջորդ շաբաթվա ընթացքում, որից հետո Հանրային խորհուրդը կհամալրի 45 հոգանոց կազմը և հանձնաժողովների հետ միասին կսկսի իր գործունեության նոր փուլը։

Հիշեցնենք, որ ս.թ. սեպտեմբերի 6-ին ՀՀ կառավարության նիստում հաստատվել էին Հանրային խորհրդի առաջին 15 անդամները, իսկ հոկտեմբերի 9-ին սկսվել էր Հանրային խորհրդի հանձնաժողովների ձևավորման գործընթացը։ Տեղի էին ունեցել հանձնաժողովների նախագահների ընտրություններ, և նորընտիր նախագահների կազմը ներկայացվել էր ՀՀ վարչապետին Հանրային խորհրդի անդամ նշանակելու համար:  

← Վերադառնալ ցուցակին