Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության համար ձևավորված մրցութային խորհրդի կազմում Հանրային խորհուրդն առաջադրել է Հովհաննես Հովհաննիսյանին

04.06.2018

Ս.թ. մայիսի 18-ին ՀՀ ազգային ժողովի նախագահը դիմել է Հանրային խորհուրդ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության համար ձևավորված մրցութային խորհրդի կազմում թեկնածու առաջադրելու նպատակով:

Ս.թ. մայիսի 24-ին, ի պատասխան ԱԺ նախագահի գրության, ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը, հիմք ընդունելով Հանրային խորհրդի որոշումը, առաջադրել է Հանրային խորհրդի անդամ, ՀԽ քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանի թեկնածությունը:

Վերջինիս թեկնածությունը հիմնավորված է նրանով, որ վերջինս հանդիսանում է «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման 2015-2018 թթ. միջոցառումների» շրջանակում Հանրային խորհրդում ստեղծված աշխատանքային խմբի համակարգող և այս ընթացքում ակտիվ գործունեություն է ծավալել՝ համագործակցելով պետական ու մասնավոր սեկտորի, հատկապես ՀՀ արդարադատության նախարարության, Իրավաբանների հայկական ասոցիացիայի, Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի հետ:

Հովհաննես Հովհաննիսյանը փիլիսոփայական գիտությունների թեկնածու է, ԵՊՀ դոցենտ, «Կովկաս» հասարակագիտական հետազոտությունների կենտրոնի նախագահն է, Հայոց փիլիսոփայական ակադեմիայի գլխավոր գիտական խորհրդականը, Հայաստանում ֆրանսիական համալսարանի հումանիտար և հասարակագիտական առարկաների կրթաբլոկի ղեկավարը,
2014 թ. եղել է Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի Իրավական խորհրդատվական խմբի անդամ, 2017-ից «Եվրասիայի ժողովուրդների ասամբլեա» միջազգային ոչ կառավարական կազմակերպության գլխավոր խորհրդի անդամ է, ներգրավված է եղել նաև այլ կառույցների աշխատանքներում:

 

 

← Վերադառնալ ցուցակին