Քննարկվեցին Հանրային խորհրդի հանձնաժողովների 2011 թ. գործունեության վերաբերյալ հաշվետվությունները
10.02.2012

Ս.թ. փետրվարի 10-ին տեղի ունեցավ ՀՀ հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստ, որին մասնակցում էին Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, ՀԽ անդամներ և հանձնաժողովների նախագահներ: Քննարկվեցին 2011 թ. ընթացքում Հանրային խորհրդի հանձնաժողովների կատարած աշխատանքների ամփոփ հաշվետվությունները, ինչպես նաև ՀԽ վերջին երկու տարիների գործունեությունից բխող եզրակացություններն ու առաջարկները, որոնք ընդհանուր հաշվետվությամբ պետք է ներկայացվեն հանրությանը:
Նախ առանձին-առանձին քննարկվեցին յուրաքանչյուր հանձնաժողովի կողմից ներկայացված հաշվետվությունները՝ հանձնաժողովների գործունեության վերաբերյալ, ապա ընդհանուր հաշվետվության գլխավոր բովանդակությունն ու ձևը: Առանձնակի ակտիվությամբ քննարկվեց հաշվետվության ամփոփիչ հատվածը, որտեղ Հանրային խորհուրդը հանձնաժողովների ու ենթահանձնաժողովների կողմից իրականացված աշխատանքների հիման վրա եզրակացություններ և առաջարկներ պետք է ներկայացնի:
Քննարկվեցին նաև հաշվետվությունը հանրությանը հնարավորինս մատչելի դարձնելու եղանակները՝ մասնավորապես զանգվածային լրատվության և համացանցի միջոցով:
Հանձնաժողովների նախագահներին տրվեցին հանձնարարականներ՝ իրենց հաշվետվություններում որոշակի լրացումներ ու փոփոխություններ կատարելու և դրանք մեկ ընդհանուր ձևաչափով ներկայացնելու վերաբերյալ:
Հաշվետվությունը վերջնական տեսքի բերելու նպատակով որոշվեց ստեղծել աշխատանքային խումբ՝ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ, և առաջիկայում այն ներկայացնել հանրությանը:
Փոքր խորհրդի նիստում քննարկվեց նաև "Ազգային համագործակցություն" հիմնադրամի առաջարկը՝ ազգային համագործակցության, փոխօգնության կառույցի ձևավորման անհրաժեշտության վերաբերյալ և որոշվեց ընդունել այն: