ՀՀ Հանրային խորհրդի գործունեության 29.05.2009-31.12.2010 թվ. ամփոփում


Ընդհանուր հաշվետվություն

2008 թվականի հուլիսի 12-ին ՀՀ Նախագահի կարգադրությամբ հռչակվեց Հանրային խորհրդի ստեղծումը, իսկ 2009 թվականի մարտի 11-ին հաստատվեց կանոնադրությունը և ՀԽ առաջին 12 անդամների կազմը: Այնուհետև ձևավորվեցին 12 ոլորտային հանձնաժողովները /հանձնաժողովներում ընդգրկված անդամների թիվը` 1950/, ընտրվեցին հանձնաժողովների նախագահներ:

2009 թվականի մայիսի 29-ին ՀՀ Հանրային խորհուրդը` ձևավորելով իր ամբողջական կազմը, սկսեց իր գործունեությունը, որն ամրագրվեց ՀՀ Նախագահի հրամանագրով:

Հանրային խորհրդի հանձնաժողովների կազմում ընգրկված 1950 անդամները ներկայացնում են ավելի քան 1200 հասարակական կազմակերպություններ, միություններ, ասոցիացիաներ և հիմնադրամներ, մարզերը ներկայացված են 422 անդամներով /21.7%/, կանայք` 635-ով /32.7%/: ՀԽ 12 ոլորտային հանձնաժողովներում աշխատում են 329 գիտությունների թեկնածուներ և 129 դոկտոր-պրոֆեսորներ: Տարիքային կտրվածքով ՀԽ-ի հանձնաժողովի անդամների տարիքը բաշխվում է հետևյալ կերպ` 18-30 տարեկաններ` 17%, 31-45 տարեկաններ` 21,9%, 46-60 տարեկաններ` 36,7%, 61 և ավելի տարեկաններ` 24,4%: ՀԽ շրջանակներում գործում են 66 ենթահանձնաժողովներ, որոշակի հարցեր քննարկելու համար` աշխատանքային խմբեր:

Համաձայն ՀԽ կանոնադրության Հանրային խորհուրդը բարձրացրած հարցերը քննարկում և դրանց վերաբերյալ որոշումներ է ընդունում իր լիագումար նիստերում: Խնդիրների մասին իր եզրակացություններն ու առաջարկությունները կարող է ներկայացնել նաև ՀԽ նախագահը: Բացի այդ, ՀԽ հանձնաժողովները իրավունք ունեն ինքնուրույն ներկայացնել հարցեր, եզրակացություններ ու առաջարկություններ համապատասխան պետական մարմիններին:

Հաշվետու ժամանակաշրջանում անցկացվել են ՀԽ 11 լիագումար նիստեր, որոնցում քննարկվել են 43 օրակարգային հարց, ընդունվել է 26 որոշում և լսվել է տարբեր խնդիրների վերաբերյալ 18 տեղեկատվություն: Վերը նշված օրակարգային հարցերի մի մասն ընտրվում է հանրության կողմից բարձրացրած բազմաթիվ հարցերի թվից` ՀԽ ոլորտային հանձնաժողովներում անցնելով համապատասխան քննարկումների ճանապարհ: Հարցերի մյուս մասը բարձրացրել են ՀԽ անդամները: Երկու հարց` ՀՀ-ում համաներում հայտարարելու մասին և “Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին” և “Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին” 2009թ. օգոստոսի 31-ին նախաստորագրված արձանագրությունների վերաբերյալ, առաջադրվել է ՀՀ Նախագահի կողմից, որոնք քննարկվել են ՀԽ բոլոր հանձնաժողովներում և որոնց վերաբերյալ ՀԽ ընդունել է համապատասխան որոշումներ:

Հանրային խորհրդի աշխատանքային խումբը, համագործակցելով ՀՀ Ազգային ժողովի և ՀՀ կառավարության համապատասխան ստորաբաժանումների հետ, փոփոխություններ է ներկայացրել ՀՀ ԱԺ-ի և կառավարության կանոնակարգերում, ինչը թույլ կտա ՀԽ անդամներին մասնակցելու վերը նշված պետական մարմիններում անցկացվող քննարկումներին /կառավարության օրակարգում փոփոխություններն արդեն կատարվել են, ԱԺ օրակարգում` ընթացքի մեջ են/:

2010 թվականի ընթացքում ՀԽ պատվիրակությունները պաշտոնական այցով եղել են ԼՂՀ-ում, որտեղ բանակցել են ԼՂՀ իշխանությունների հետ և Մոսկվայում, որտեղ կնքվել է երկկողմանի հուշագիր Ռուսաստանի Դաշնության Հասարակական պալատի հետ:

2010 թվականի հուլիսի 7-ին Նյու-Յորքում ՀՀ Հանրային խորհուրդը անդամակցել է Տնտեսական և սոցիալական խորհուրդների ու համանման ինստիտուտների միջազգային ասոցիացիային /AICESIS/ և մասնակցել այդ միջազգային կազմակերպության Գլխավոր Ասամբլեայի աշխատանքներին:

2010թ. մարտին ՀԽ գյուղատնտեսության հարցերին նվիրված աշխատանքային խումբը, ՀԽ նախագահ Վ.Մանուկյանի ղեկավարությամբ, ՀՀ վարչապետի գլխավորությամբ և ՀԽ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի հանձնաժողովի կոլեգիայի անդամների մասնակցությամբ /Հ.Թադևոսյան, Յ.Ջավադյան, Խ.Հարությունյան/, այցելել է Արմավիրի մարզի Լուկաշին և Քարակերտ համայնքներ, հանդիպել համայնքներում ստեղծված կոոպերատիվների անդամների հետ, ծանոթացել նրանց խնդիրներին: Մանրամասն քննարկումներից հետո որոշվել է խթանել գյուղատնտեսական կոոպերատիվների (սպառողական) զարգացմանը:

2010 թվականին ՀԽ աշխատանքային խումբը /Վ.Մանուկյան, Հ.Թադևոսյան, Վ.Սաֆարյան, Կ.Առաքելյան, Ռ.Աթոյան, Յ.Ջավադյան, Խ.Հարությունյան, Ա.Տեր-Տաճատյան/ այցելել է Տավուշի մարզ, ծանոթացել սահմանամերձ գյուղերում տիրող իրավիճակին և այցելության արդյունքում մշակված եզրակացությունները ներկայացրել ՀՀ կառավարություն:
ՀԽ մեկ ուրիշ աշխատանքային խումբ /Գ.Բադիրյան, Կ.Ղազարյան, Հ.Հովհաննիսյան, Ա.Տեր-Տաճատյան, Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյան/ այցելել է ցմահ դատապարտվածներին` վերջիններիս բազմաթիվ դիմում-խնդրանքներով:
2010 թվականի նոյեմբերին ՀԽ երիտասարդական ենթահանձնաժողովի անդամները, մշակույթի ենթահանձնաժողովի նախագահ Գագիկ Մանասյանի աջակցությամբ, կազմակերպել են բարեգործական ակցիա` Վայոց Ձորի մարզի Խաչիկ գյուղի անապահով ընտանիքներին բաժանել գրքեր ու նվերներ:

Ստորև ներկայացված են ՀԽ-ում, ՀԽ հանձնաժողովներում ու աշխատանքային խմբերում քննարկված հարցերը, մշակված առաջարկություններն ու եզրակացությունները:

Հանրային խորհրդի անդամների կողմից բարձրացված, ոլորտային հանձնաժողովներում քննարկումներ անցած և ՀԽ լիագումար նիստում վերջնական լուծում ստացած հարցերի թվում են`
1. ՀՀ-ում գյուղատնտեսության ոլորտում կոոպերացիայի զարգացման անհրաժեշտության մասին առաջարկությունները: Եղան նաև այս ոլորտին առնչվող այլ առաջարկություններ /ՀԽ շրջանակներում ստեղծվեծ աշխատանքային խումբ. այնուհետև` ՀԽ գյուղատնտեսության և բնապահպանական հարցերի հանձնաժողով/: Արդյունքում` վերը նշված առաջարկությունները տեղ գտան ՀՀ գյուտնտեսության զարգացման 2010-2020 թ. հայեցակարգի մեջ, ՀՀ կառավարության կողմից ներկայացվող տվյալ ոլորտի հետ կապված բոլոր նախագծերը փորձաքննություն են անցնում ՀԽ համապատասխան հանձնաժողովում, ՀԽ անդամներ Վ.Մովսիսյանը, Խ.Հարությունյանը և Յ.Ջավադյանը ընդգրկվեցին ՀՀ գյուղատնտեսության նախարարության կոլեգիայի կազմում:
2. Հանրակրթության մասին առաջարկությունների փաթեթը /ՀԽ կրթության և գիտության ենթահանձնաժողով, հանրակրթական ոլորտի խնդիրներով զբաղվող աշխատանքային խումբ/: Այս փաթեթը քննարկվեց ՀՀ Նախագահի հետ հանդիպման ընթացքում, ՀՀ կրթության և գիտության նախարարի մասնակցությամբ: Փաթեթում տեղ գտած առաջարկությունների մի մասը ընդունվեց նախարարության կողմից:
3. Հայկական հեռուստաեթերի հաղորդումների բովանդակությունն ու դրա հետևանքներն ուսումնասիրող մշտական հանձնախմբի /համանախագահներ` Հ.Մուսայելյան, Հ.Դեմոյան/ եզրակացություններն և առաջարկությունները, որից հետո տեղի է ունեցել ՀՀ հեռուստառադիոհեռարձակողների գործունեության էթիկական սկզբունքների խարտիայի ստորագրումը /ՀԽ անդամներ` Հ.Հովհաննիսյան, Գր.Բադիրյան/:
4. Ազգային համագործակցության ցանցի ստեղծումը /ՀԽ ձեռնարկատիրական ու սպառողների պաշտպանության հացերի հանձնաժողով/: Այս առաջարկության կապակցությամբ ՀՀ կառավարությունը որոշում ընդունեց` “Ազգային համագործակցություն” հասարակական կազմակերպության հետ համատեղ ստեղծել ԱՀ հիմնադրամ: /մանրամասն տեղեկությունները` ձեռնարկատիրական ու սպառողների պաշտպանության հացերի հանձնաժողովի հաշվետվության բաժնում/:
5. ՀՀ կառավարության և հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին էլեկտրոնային հաղորդակցության ոլորտի կարգավորման վերաբերյալ առաջարկությունները /ՀԽ ձեռնարկատիրական ու սպառողների պաշտպանության հացերի հանձնաժողովի նախագահ Ա.Սադոյան, ՀԽ անդամ` Հ.Մուսայելյան/:
6. Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի սովորողների նկատմամբ աշխատակցների կողմից իրականացված հակաօրինական գործողությունների կապակցությամբ և լրագրող Մ.Սուխուդյանի նկատմամբ հարուցված քրեական գործերի անաչառ ընթացքն ապահովելու վերաբերյալ որոշումը: Արդյունքում` Մ.Սուխուդյանին առաջադրված մեղադրանքները հանվեցին և իրական հակաօրինական և հակաբարոյական արարքներ կատարած անձինք ենթարկվեցին քրեական պատասխանատվության և պատժի:

Արձագանքելով հանրությանը հուզող հարցերին` Հանրային խորհուրդը իր համապատասխան հանձնաժողովներում քննարկելուց հետո կայացրել է համապատասխան որոշումներ և իր առաջարկություններն ու եզրակացությունները ներկայացրել ՀՀ Նախագահին և ՀՀ կառավարությանը.
1. “Լեզվի մասին” և “Հանրակրթության մասին” ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու վերաբերյալ /ՀԽ մի շարք ենթահանձնաժողովներ/: Արդյունքում` ՀՀ ԱԺ ընդունեց փոփոխությունների փոխզիջումային տարբերակը:
2. Երևանի “Մոսկվա” ամառային կինոթատրոնի հետագա ճակատագրի մասին /ՀՀ Հանրային խորհրդի քաղաքաշինության և ճարտարապետության հարցերի ենթահանձնաժողովի նախագահ Գ.Ազիզյան/: ՀԽ, դեմ արտահայտվելով այդ շինության քանդմանը, բոլոր շահագրգիռ կողմերին առաջարկեց բանակցության ճանապարհով գտնել փոխզիջման տարբերակներ: Ներկայումս հարցը փաստացի գտնվում է սառեցված վիճակում:
3. “Հասարակական կազմակերպությունների մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ /ՀԽ քաղաքացիական հասարակության կայացման և մարդու իրավունքների հարցերի հանձնաժողով/: Առաջարկությունները ներկայացվեցին ՀՀ արդարադատության նախարարություն, որը սկզբից դրանք չընդունեց: Սակայն միջազգային փորձաքննության եզրակացությունից հետո հանձնաժողովի առաջարկությունների մեծ մասը հաշվի առնվեց և ընդունվեց ՀՀ ԱԺ կողմից:
4. Արհմիությունների հետ կապված “ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին” /ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողով/: ՀԽ շրջանականերում կազմակերպված լսումների ընթացքում, որին մասնակցում էին բոլոր արհմիությունների ներկայացուցիչները, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարը, ինչպես նաև ՀՀ ԱԺ համապատասխան հանձնաժողովի նախագահը վերը նշված օրինագիծը քննարկվեց և ՀԽ առաջարկությունների մի մասը ընդունվեց:
5. Երթևեկության և ավտոկայանային գործունեության հետ կապված ավտոտրանսպորտի շահագործման և ավտոկայանատեղերի գործունեության հայեցակարգի մշակման վերաբերյալ: Այս խնդիրը շարունակվում է գտնվել քննարկման ընթացքում /ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի ավտոտրանսպորտի և երթևեկության հարցերի ենթահանձնաժողովի նախագահ` Տ.Հովհաննիսյան/:

ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վ.Մանուկյանի կողմից ՀՀ վարչապետին գրություններ և դիմումներ են ուղղվել` հիմք ընդունելով ՀԽ-ի հանձնաժողովների կարծիքները և առաջարկությունները`
• Վանաձորում “Մարդու իրավունքների հայկական դպրոցի” բացման վերաբերյալ /ՀԽ քաղաքացիական հասարակության կայացման հանձնաժողով/;
• Ոչ մետաղական հանքանյութերի վերամշակման ոլորտի զարգացման հայեցակարգի մասին /ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հանձնաժողով/;
• Հայ-իրանական երկաթգծի կառուցման վերաբերյալ /ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հանձնաժողով/;
• ՀՀ բնակավայրերի քաղաքաշինական ծրագրերի և ՀՀ գյուղական համայնքներում քաղաքաշինական միջոցառումների մասին /ՀԽ տեղական ինքնակառավարման և տեղական կառավարման հանձնաժողով/;
• Արտավազ գյուղի բնակիչների դիմում-բողոքի վերաբերյալ /ՀԽ գյուղատնտեսական և բնապհպանական հարցերի հանձնաժողով/;
• “Կոմետա” գիտահետազոտական ինստիտուտի վերաբերյալ /ՀԽ-ի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողով/:

ՀԽ նախագահը տարբեր գրություններ է ուղղել մի շարք հրատապ հարցերի վերաբերյալ, որոնցից են`
• “Արարատ ավիա” ընկերության օդաչուներին արցախյան պատերազմին մասնակցելու համար պարգևատրման մասին /ՀՀ Նախագահին/;
• Սյունիքի մարզի Որոտանի միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնի համար մրցույթի անցկացման վերաբերյալ /ՀՀ տարածքային կառավարման նախարարին/;
• “Դալմայի այգիների” հողօգտագործողների հետ կապված /ՀՀ տարածքային կառավարման նախարարին/;
• Աբխազառուսական սահմանը խախտելու պատճառով ՀՀ քաղաքացիներին Վրաստանում բանտարկելու վերաբերյալ /ՀՀ արտաքին գործերի նախարարին/;
• Երևանում Գարեգին Նժդեհի արձանը տեղադրելու հետ կապված /Երևանի քաղաքապետին/;
• “Մասիս 3” շինարարական կոոպերատիվի վերաբերյալ /ՀՀ վարչապետին/;
• “Կանաչազարդ երկիր” հկ-ի առաջարկությունները` ՀՀ միջպետական նշանակության մայրուղիների և այլ ճանապարհների եզրին պաշտպանական անտառաշերտերի հիմնադրման վերաբերյալ /ՀՀ վարչապետին/;
• Ստեկլոմաշ գործարանի փակման վերաբերյալ /ՀՀ վարչապետին/;
• “Սիս, Մասիս, Նոր Հայաստան” լճափնյա հանգստավայրեր ծրագրի վերաբերյալ /ՀՀ վարչապետին/;
• “Զորաց Քարեր բնակատեղի” պետական արգելոցի տարածքում տեղակայված հուշարձանախմբի չափագրման, լազերային սկանավորման և նկարահանման աշխատանքների վերաբերյալ /ՀՀ վարչապետին/;
• “Ջերմուկ” հանքային ջրերի մի շարք գործարանների ներկայացուցիչների դիմումը` “Աշխարհագրական նշումների մասին” ՀՀ օրենքի դրույթների վերաբերյալ /ՀՀ Նախագահին և ՀՀ վարչապետին/:


ՀԽ-ի հանձնաժողովներ և ՀԽ-ի անդամներ

Ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողով

Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովը /180 անդամ/ բաղկացած է 16 ենթահանձնաժողովից: Հանձնաժողովի կոլեգիան ընդգրկում է 22 անդամ: Հանձնաժողովը անցկացրել է 5 լիագումար և հանձնաժողովի կոլեգիայի 15 նիստեր: Մասնավորապես, հանձնաժողովը իր շրջանակներում քննարկել, մշակել և ներկայացրել է առաջարկություններ և եզրակացություններ`
1. ՀՀ ինովացիոն քաղաքականության մասին /ՀԽ նախագահի ստորագրությամբ ուղղվել է ՀՀ վարչապետին/:
2. ՀՀ արդյունաբերության զարգացման հայեցակարգի մասին /ՀԽ նախագահի ստորագրությամբ ուղղվել է ՀՀ վարչապետին/:
3. Հայաստանի հելիոֆիկացիայի եւ հելիոտեխնիկական արդյունաբերությունը զարգացնելու հարցերը /ՀԽ նախագահի ստորագրությամբ ուղղվել է ՀՀ Նախագահին ՀՀ վարչապետին/:
4. Ոչ մետաղական հանքանյութերի նոր արտադրատեսակների արտադրության մասին /ՀԽ նախագահի ստորագրությամբ ուղղվել է ՀՀ վարչապետին/:
5. Հայ-իրանական երկաթգծի շինարարական աշխատանքների մասին /ՀԽ նախագահի ստորագրությամբ ուղղվել է ՀՀ վարչապետին/:
Հանձնաժողովի քաղաքաշինության և ճարտարապետության հարցերի ենթահանձնաժողովի ներկայացմամբ ՀԽ որոշում է կայացրել հանրային հնչեղություն ունեցող մեկ այլ հարցի` Երևանի “Մոսկվա” ամառային կինոթատրոնի հետագա ճակատագրի վերաբերյալ:
Հանձնաժողովում, այնուհետև ՀԽ-ում քննարկվել և ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին է ներկայացվել գրություն` գազի սակագնի ձևավորման մասին ՀԽ եզրակացությունները:
Հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը ՀԽ-ի նիստերին տեղեկատվություն է ներկայացրել Սյունիքի մարզում ուրանի հանքավայրի ուսումնասիրման աշխատանքների մասին, ինչպես նաև հայկական երկաթգծի կամուրջների վթարային վիճակի մասին:
Հանձնաժողովը քննարկել է նաև`
• “Նաիրիտ գործարան” ՓԲԸ աշխատանքների արդյունավետ կազմակերպմանը խոչընդոտող հանգամանքների հարցը;
• վերականգնվող էներգիայի ստացման նոր աղբյուրների վերաբերյալ հայտնագործությունների ներդրման հարցը;
• ՀՀ-ում փոքր ավիացիայի վերականգման հարցը;
• Քանաքեռ-Զեյթուն համայնքի ուսանողական թաղամասում երկաթգծի կիսակայարան կառուցելու անհրաժեշտության մասին հարցը /ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հանձնաժողովի նախագահ Վ.Սաֆարյանի կողմից ուղղվել է Երևանի քաղաքապետին/;
• հարկային վարչարարության դեպքեր;
• “Հայկական ազգային դրամի զբոսայգի” հիմնելու մասին հեղինակային ծրագիրը /դրական եզրակացություն/;
• 2003 թվ. ընդունված “ՀՀ տարաբնակեցման գլխավոր նախագծի” իրականացման գործընթացը /ընթացքի մեջ է/;
• “Ակցիզային հարկի մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության առաջարկությունները /ՀԽ նախագահի ստորագրությամբ ուղղվել է ՀՀ վարչապետին/;
• Երկաթգծի կամուրջների վթարային վիճակի վերաբերյալ հարցը /ՀԽ նախագահի ստորագրությամբ ուղղվել է ՀՀ վարչապետին/;
• “Մեքենաշինարարների մասնագիտական տոն” հիմնելու մասին հարցը /ՀԽ նախագահի ստորագրությամբ ուղղվել է ՀՀ վարչապետին/;
• Նոր Կյուրիի բնակիչների դիմումը` ճանապարհը ասֆալտապատելու մասին /ՀԽ-ի նախագահի ստորագրությամբ ուղղվել է ՀՀ վարչապետին/
Հանձաժողովի կոլեգիայի անդամները 2010 դեկտեմբերի 14-ին հանդիպում են ունեցել ՀՀ վարչապետի հետ և քննարկել ՀՀ արդյունաբերության զարգացման հետ կապված խնդիրները:

Գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի հանձնաժողով

Հանրային խորհրդի գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի հանձնաժողովը /144 անդամ/ բաղկացած է 3 ենթահանձնաժողովից: Հանձնաժողովի կոլեգիան ընդգրկում է 17 անդամ: Անցած ժամանակաշրջանում հանձնաժողովն անցկացրել է 2 լիագումար նիստ և կոլեգիայի 6 նիստ. քննարկվել են հետևյալ հարցերը`
1. “Գյուղացիական տնտեսություններում արտադրության կազմակերպման հարցերի ուսումնասիրման և գյուղացիական կոոպերատիվների զարգացման խնդիրները” և “ՀՀ գյուղատնտեսության կոոպերացիայի մասին” օրենքի հայեցակարգի նախագծի մշակման հարցերը /սկզբնական շրջանում ՀԽ անդամներից ստեղծվել էր աշխատանքային խումբ, որը քննարկել էր այդ հարցը և ներկայացրել հանձնաժողովին/:
Հանձնաժողովը հաշվետու ժամանակահատվածում կազմակերպել է երկու այց` Արմավիրի մարզի Արմավիրի տարածաշրջանի Լուկաշին համայնք և Բաղրամյանի տարածաշրջանի Քարակերտ համայնք:
Առաջին այցի ընթացքում ՀԽ անդամները հանդիպել են նշված համայնքներում ստեղծված կոոպերատիվների անդամների հետ, քննարկվել են կոոպերատիվների անդամների կողմից բարձրացված հարցերը և դրանց լուծման ուղիները:
Երկրորդ այցը կազմակերպվել է նույն համայնքներում` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ: Համայնքների կոոպերատիվների անդամների հետ հանդիպման ընթացքում ՀՀ վարչապետը արձանագրեց, որ արդեն ստեղծվել են գյուղատնտեսության զարգացման համար կարևոր սպառողական կոոպերատիվներ, որոնցում կամավոր հիմունքներով ընդգրկվել են գյուղացիական տնտեսությունները` հողերը միասին օգտագործելու, իրենց խնդիրները համատեղ լուծելու պայմանով: Այն հնարավորություն է տալիս մոտ 20-30% նվազեցնել գործարարական ծախսերը և ավելի ինտենսիվ վարել գյուղատնտեսությունը:
Ձևավորվեց որոշակի կարծիք, որ գյուղատնտեսության զարգացումն ապահովելու համար պետք է խթանել նման տիպի կոոպերատիվների զարգացումը:
2. “Բերդաձոր-Կաքավաձոր” այգեգործական հասարակական կազմակերպության հողատարածքի կարգավիճակի վերաբերյալ առաջարկությունները;
3. “Ջրվեժ” անտառապարկից 21.76 հա տարածքի օտարման մասին հարցերը;
4. Գյուղապետի հետ համատեղ, ուսումնասիրվել և լուծման ընթացք է տրվել Արարատի մարզի Մասիսի տարածաշրջանի Խաչփառ գյուղի մի շարք բնակիչների կողմից բարձրացված գազամատակարարման, խմելու և ոռոգման ջրի ապահովման հարցերին;
5. Դալմայի այգիների վիճակի մասին:

Հանձնաժողովի նիստերում բարձրացվել ու քննարկվել են նաև`
• Ոռոգելի հողերի օգտագործման, ոռոգման համակարգերի նախապատրաստման, ոռոգման ջրով ապահովվածության, ոռոգման շրջանի սկսման ժամկետի: Քննարկվել է ոռոգման ջրի մատակարարման պլան-ժամանակացույցը (մասնավորապես Սևան-Հրազդան համակարգինը), կատարվել են ճշգրտումներ ոռոգման ջրի պահանջարկի ծավալներում և ջրի մատակարարման ժամկետներում: Որոշվել և երաշխավորվել են ջրի ծավալը և բացթողնման ժամկետները:
• Երևան քաղաքում էլիտար շենքերի կառուցման հարցերը;
• Բերքի իրացման համար “ԳԱՖ” ԻԱՄ հետ համատեղ կազմակերպվել է Սեբաստիա-Մալաթիա շուկային հարակից սառնարանում գյուղմթերքների ընդունումը, պահեստավորումը և առաքումը վաճառողներին;
• Հակակարկտային կայանների տեղակայման և արդյունավետ շահագործման խնդիրները;
• Սերմնաբուծության և սելեկցիայի զարգացման խնդիրները: Աշխատանքային կարգով համապատասխան մասնագետների հետ քննարկվել է, մասնավորապես, 2010-2014թ.թ. ցորենի սերմնաբուծության և սերմնարտադրության զարգացման ծրագիրը ու ծրագրի իրականացման համար սերմնաբուծական տնտեսություններին աջակցելու խնդիրները: Առաջարկվել է առաջնահերթ ներկրված բարձր վերարտադրության սերմերը տրամադրել սերմնաբուծության տնտեսություններին և հետևել վերարտադրությունը կազմակերպելու գործընթացին:

Հանձնաժողովի ենթահանձնաժողովներում և աշխատանքային խմբերում քննարկվել և համապատասխան առաջարկություններ են ներկայացվել`
• սերմնաբուծության /ՀԽ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի հանձնաժողովի նախագահ Յ.Ջավադյանի ստորագրությամբ ուղղվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարին/,
• տոհմաբուծության,
• ոչխարաբուծության /ՀԽ նախագահի ստորագրությամբ ուղղվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարին/,
• ոռոգման և ջրարբիացման համակարգերի վերակառուցման /ՀԽ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի հանձնաժողովի նախագահ Յ.Ջավադյանի ստորագրությամբ ուղղվել է ՀՀ Ջրպետկոմին/,
• Արարատյան դաշտի ջրային և հողային պաշարների օգտագործմանը վերաբերող հարցեր:
Տեղում ուսումնասիրվել է Երևան քաղաքի Տիչինա փողոցին հարակից հողատարածքները կառուցապատման նպատակով օտարելու հարցը և առաջարկվել է քաղաքաշինության նորմերին համապատասխան ապահովել կառուցվող օբյեկտների և Շահումյան թիվ 2 գերեզմանատան միջև 300մ հեռավորությունը, որն ընդունվել է:

Ուսումնասիրվել, քննարկվել, դրական լուծում է տրվել բնակիչների դիմումներին, բողոքներին և առաջարկություններին, մասնավորապես`
• Իջևանի տարածաշրջանի Բերքաբեր, Կայանավան գյուղերի;
• Վարդենիսի տարածաշրջանի Ակունք գյուղի;
• Գավառ քաղաքի;
• Կոտայքի մարզի Արտավազ գյուղի;
• Հրազդանի տարածաշրջանի Արզական գյուղի;
• Արմավիր քաղաքի;
• Երևան քաղաքի Րաֆֆու փողոցի բնակիչների դիմումներին;
• Քանաքեռի տնամերձ հողերը ոռոգման ջրով ապահովելու;
• Ավանի Քուչակ թաղամասի թիվ 2 շենքին հարակից կաթսայատան վերակառուցման;
• Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի բնակիչների հողերի խոշորացմանը վերաբերող հարցերին:
Հանձնաժողովը կազմակերպել է սեմինար-քննարկումներ նվիրված գյուղկոոպերացիայի զարգացմանը, Արմավիրի մարզի մի շարք կոոպերատիվների այցելություններ, 2009թ. նոյեմբերի 23-24-ին ՙՖՐՈՒՏՖՈՒԼ ԱՐՄԵՆԻԱ՚-ի հետ համատեղ համաժողով` կապված գյուղատնտեսության հիմնահարցերին:

Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողով

Հանրային խորհրդի առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովը /204 անդամ/ բաղկացած է 6 ենթահանձնաժողովից: Հանձնաժողովի կոլեգիան ընդգրկում է 11 անդամ: Հաշվետու ժամանակաշրջանում հանձնաժողովը անցկացրել է 3 լիագումար նիստ և 2 կոլեգիայի նիստ:
Հանձնաժողովը քննարկել է հեռաբժշկության զարգացման մասին ծրագիրը /ՀԽ նախագահի ստորագրությամբ ուղղվել է ՀՀ վարչապետին և ՀՀ առողջապահության նախարարություն/: 2010 թվականի հունիսի 6-ին ՀԽ էր դիմել ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը` “Մարդուն օրգաններ եւ հյուսվածքներ փոխպատվաստման մասին” օրենքի մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ վերը նշված հանձնաժողովի եզրակացությունը ստանալու խնդրանքով: Հանձնաժողովը համակողմանիորեն քննարկելուց հետո իր եզրակացությունը ներկայացրեց ՀՀ Սահմանադրական դատարան: Բացի այդ, հանձնաժողովը քննարկել է առողջապահության և սոցիալական ոլորտին վերաբերող հետևյալ օրենքների նախագծերը.
• “Առողջապահության մասին”;
• “Դեղերի մասին”;
• “Սոցիալական աջակցության մասին”;
• “Բարեգործության մասին”;
• “Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին” /Դ.Դումանյանի ստորագրությամբ ուղղվել է ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալակն հարցերի հանձնաժողովի նախագահ Ա.Բաբլոյանին/;
• “Հոմեոպատիկ ցողունային բջիջների մասին” /Դ.Դումանյանի ստորագրությամբ ուղղվել է ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Ա.Բաբլոյանին/:
Հանձնաժողովը քննարկել է նաև առողջապահության համակարգի ֆինանսավորման հարցը /ապահովագրական բժշկություն/, բժշկական և սոցիալական գործունեության խնդիրը, արտոնագրման և լիցենզավորման հարցը, մասնավոր բժշկական հիմնարկների աշխատանքների կանոնակարգման հարցը, ինչպես նաև պատասխանել է սոցիալական բնույթ ունեցող 54 դիմում-բողոքների:

Միջազգային ինտեգրման, կրոնի և սփյուռքի հարցերի հանձնաժողով

Հանրային խորհրդի միջազգային ինտեգրման, կրոնի և սփյուռքի հարցերի հանձնաժովը /216 անդամ/ բաղկացած է 4 ենթահանձնաժողովից: Հանձնաժողովի կոլեգիան ընդգրկում է 9 անդամ: Անցած ժամանակաշրջանում հանձնաժողովը անցկացրել է 4 լիագումար և 9 կոլեգիայի նիստեր:
Հանձաժողովը քննարկել ու ՀԽ նիստին է ներկայացրել Երեւանում գորգարվեստի թանգարան հիմնելու առաջարկությունը, ԱՄՆ նախկին նախագահ Վուդրո Վիլսոնի հիշատակը հավերժացնող միջոցառումներ իրականացնելու մասին հարցը /ՀԽ նախագահի ստորագրությամբ ուղղվել է ՀՀ նախագահին և ՀՀ վարչապետին/, Մ.Սարյանի տուն-թանգարանի ոչ բարվոք պայմանների կապակցությամբ վերականգնողական և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ խնդիրը /ՀԽ նախագահի ստորագրությամբ ուղղվել է ՀՀ Նախագահին և ՀՀ վարչապետին/:
Հանձնաժողովի նախագահ Ռուբեն Սաֆրաստյանը ՀԽ նիստերին պարբերաբար տեղեկատվություն է հաղորդել հայ­թուրքական հարաբերությունների տարբեր փուլերի վերաբերյալ:
Ենթահանձնաժողովների առաջարկությամբ հանձնաժողովը քննարկել է արտերկրում ՀԽ կառույցներ ստեղծելու մասին առաջարկությունները, ՀԽ եթերաժամ ունենալու և “21-րդ դարում մարդու հոգևոր անվտանգությանն ուղղված մարտահրավերները և աշխարհիկ կրոնական կառույցների դերը այս բնագավառում” հարցերը:

Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի հանձնաժողով

Հանրային խորհրդի կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի հանձնաժողովը ամենամեծն է ՀԽ-ում /402 անդամ/ և աշխատանքներն ընթանում են ավելի շատ ենթահանձնաժողովներում և աշխատանքային խմբերում: Հանձաժողովը բաղկացած է 4 ենթահանձնաժողովից: Հանձնաժողովի կոլեգիան ընդգրկում է 11 անդամ: Հաշվետու ժամանակաշրջանում անցկացվել է 3 լիագումար և կոլեգիայի 11 նիստեր: Կրթության և գիտության ենթահանձնաժողովը անցկացրել է 4, մշակույթի ենթահանձնաժողովը` 5, սպորտի` 6 և երիտասարդության`12 նիստեր:
ՀԽ նախաձեռնել է կրթական համակարգում ծառացած խնդիրների քննարկում և առաջարկությունների փաթեթի մշակում: Կրթության և գիտության ենթահանձնաժողովը, ինչպես նաև հանրակրթության ոլորտին նվիրված աշխատանքային խումբը 8-ամսյա քննարկումներից հետո ՀՀ Նախագահին ներկայացրել են հանկրակրթության մասին առաջարկությունների փաթեթ:
Կրթության և գիտության ենթահանձնաժողովը աշխատանքը կազմակերպել է հիմնականում 10 աշխատանքային խմբերով, այն է` նախադպրոցական կրթություն, հանրակրթություն, բարձրագույն կրթություն, գիտություն, օրենսդրություն, տեղեկատվություն և նամակներ, միջին մասնագիտական, բարոյահոգեբանական դաստիարակություն, կրթության որակի ապահովում, նորարական ներդրումներ և արտոնագրում: Ենթահանձնաժողովը քննարկել է գիտության ոլորտի զարգացման ռազմավարությունը, ավարտական և ընդունելության քննությունների ընթացքը և դպրոցական դասագրքերի որակի հարցը:
Մշակույթի ենթահանձնաժողովը ՀԽ նիստին ներկայացրել է Հայաստանի պատմա-մշակութային հուշարձանների վերականգնման խնդիրները, ինչպես նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին հանձնված եկեղեցիների պահպանման և վանքապատկան հողերի օգտագործման հիմնահարցերը, լսվել են այդ խնդիրն ուսումնասիրելու համար անցկացված ստուգայցի արդյունքները /մասնավորապես, “Հաղարծին” համալիրին վերաբերող վանքապատկան հողերում առկա ապօրինի շինությունների օտարման մասին/: Բացի այդ, ենթահանձնաժողովը բաց քննարկումներ է կազմակերպել Երևանի “Մոսկվա” ամառային կինոթատրոնի հետագա ճակատագրի, հանրակրթության ոլորտում տիրող իրավիճակի, ՀՀ մարզերում ավանդական մշակույթի զարգացման հեռանկարային ծրագրի վերաբերյալ:
Երիտասարդության ենթահանձնաժողովը քննարկել է`
• երիտասարդների հետբուհական զբաղվածության,
• ուսանողների սոցիալական պաշտպանվածության և երիտասարդ ընտանիքների սոցիալ – տնտեսական վիճակի,
• բանակում մի շարք առարկաների ուսուցում կազմակերպելու,
• կրթաթոշակների,
• բուհերում անվճար տեղերի կրճատումների հետ կապված հարցերը:
Ընթացքում է գտնվում առաջարկությունների փաթեթի մշակումը` կապված հայկական բանակի սպաների պատրաստման գործընթացի և զինվորների կրթական մակարդակի ուսումնասիրության հետ:
Սպորտի ենթահանձնաժողովը ընթացիկ հարցերից բացի քննարկել է հանրակրթական դպրոցներում աշխատող ֆիզիկական կուլտուրայի ուսուցիչների և մարզադպրոցներում աշխատող մարզիչ մանկավարժների աշխատավարձերի համահավասարեցման նախաձեռնության հարցը:

Պաշտպանության, ներքին գործերի և անվտանգության հարցերի հանձնաոժողով

Հանրային խորհրդի պաշտպանության, ներքին գործերի և անվտանգության հարցերի հանձնաժողովը /74 անդամ/ բաղկացած է 4 ենթահանձնաժողովից: Հանձնաժողովի կոլեգիան ընդգրկում է 7 անդամ: Հանձնաժողովը անցկացրել է 6 լիագումար և 6 կոելգիայի նիստեր: Հանձնաժողովը քննարկել է 1941-1945 թվականների Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 65-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների ազգային ծրագրի կատարման վերաբերյալ իր առաջարկություններն ու ներկայացրել ՀԽ նիստին /ՀԽ նախագահի ստորագրությամբ ուղղվել է ՀՀ Նախագահին և ՀՀ վարչապետին/: Բացի այդ, հանձնաժողովն անցկացրել է ոստիկանության աշխատանքը գնահատելու մասին հարցախույզ /ՀԽ նախագահի ստորագրությամբ ուղղվել է ՀՀ ոստիկանապետին/, որի արդյունքները ներկայացվել են համապատասխան մարմիններին: ՀԽ են ներկայացվել ոստիկանության ստորաբաժանումներում քաղաքացիների դիմում բողոքների ընթացքի հետ կապված հարցերը:
Հանձնաժողովը քննարկել է նաև ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում Սպայական փոխօգնության միություն ստեղծելու վերաբերյալ և ՀՀ հանրակրթական դպրոցներում Ռազմական պաշտպանություն առարկայի դասավանդման հարցերը:

Քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողով

Հանրային խորհրդի քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողովը /156 անդամ/ բաղկացած է 5 ենթահանձնաժողովից: Հանձնաժողովի կոլեգիան ունի 11 անդամ: Հանձնաժողովը անցկացրել է 4 լիագումար և կոլեգիայի 7 նիստ: Հանձնաժողովը երկու անգամ փորձաքննության է ենթարկել “Հասարակական կազմակերպությունների մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերը և ներկայացրել է իր դիրքորոշումն ու առաջարկությունները, որոնք ՀՀ արդարադատության նախարարությունը սկզբից չէր ընդունել, սակայն միջազգային փորձաքննության եզրակացությունից հետո հանձնաժողովի առաջարկությունների մեծ մասը հաշվի է առնվել:
Հանձնաժողովն առաջարկել ու մշակել է ՀՀ հեռուստառադիոհեռարձակողների գործունեության էթիկական սկզբունքների խարտիայի նախագիծ, որը հիմք է հանդիսացել 12 հեռուստաընկերությունների ստորագրած Խարտիայի վերջնական տարբերակի համար:
Հանձնաժողովը ներկայացրել է նաև “ԶԼՄ-ների մասին” ՀՀ օրենքում և ՀՀ “Քաղաքացիական օրենսգրքում” փոփոխություններ կատարելու նախագծի վերաբերյալ իր կարծիքը, հանդես է եկել 2009թ. համաներման դրույթները ընտրակեղծիքներ և լրագրողների նկատմամբ բռնություն հանդիսացող հանցագործությունների նկատմամբ չտարածելու առաջարկությամբ: Հարց է բարձրացրել ՀՀ կառավարության 05.08.2010թ. 1042-Ն որոշման վերանայման /ՀԽ նախագահի ստորագրությամբ ուղղվել է ՀՀ վարչապետին ու ՀՀ ԱԺ/, Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի սովորողների նկատմամբ աշխատակցների կողմից իրականացված հակաօրինական գործողությունների կապակցությամբ և լրագրող Մ.Սուխուդյանի նկատմամբ հարուցված քրեական գործերի անաչառ ընթացքն ապահովելու վերաբերյալ:
Հանձնաժողովում ընդգրկված իրավաբան-մասնագետներն անվճար իրավաբանական խոհրդատվություն են տրամադրել մոտ երկու տասնյակ դիմումատու քաղաքացիների: Քաղաքացիներից և կազմակերպություններից ստացված դիմումներում բարձրացված խնդիրները ներկայացվել են ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայությանը, ՀՀ արդարադատության նախարարությանը, ՀՀ գլխավոր դատախազություն:
Հանձնաժողովի անդամները բազմիցս մասնակցել են քաղաքացիական հասարակության հիմնախնդիրներին նվիրված տարաբնույթ տեղական և միջազգային խորհրդակցությունների, գիտաժողովների, սեմինարների, այդ թվում նաև` ՀՀ ԱԺ-ում “Հասարակական կազմակերպությունների մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրիանգծերի և “ՀՀ ընտրական օրենսգրքի” նոր խմբագրությամբ տարբերակի լսումներին:

Ձեռնարկատիրական գործունեության և սպառողների շահերի պաշտպանության հարցերի հանձնաժողով

ՀՀ Հանրային խորհրդի ձեռնարկատիրական գործունեության և սպառողների շահերի պաշտպանության հարցերի հանձնաժողովը (թվով 85 անդամ) բաղկացած է 5 ենթահանձնաժողովներից և 5 աշխատանքային խմբերից: Հանձնաժողովի կոլեգիան կազմված է 12 անդամներից: Անցած ժամանակահատվածում հանձնաժողովն ունեցել է 4 լիագումար, ընդլայնված կազմով կոլեգիայի 6 և հերթական 22 նիստեր:
Հանձնաժողովի նախաձեռնությամբ Հանրային խորհրդի լիագումար նիստերում քննարկվել է՝
1. Ինտերնետ հասանելիության ծառայությունների սակագների իջեցման, որակի բարձրացման հարցը:
2. “Ազգային համագործակցություն” հիմնադրամի և “Ազգային համագործակցության ցանց” բազմակողմանի ծառայություններ մատուցող հեռահաղորդակցման կառույցի ստեղծման ծրագիրը:
Հանձնաժողովի առաջարկություններն ընդունվել են Հանրային խորհրդի կողմից և հետագայում ներկայացվել ՀՀ Նախագահին, ՀՀ կառավարությանը, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին:
Հանձնաժողովի առաջարկությամբ ՀԽ գյուղատնտեսական և բնապահպանության հարցերի հանձնաժողովի կոլեգիայի նիստում քննարկվել է հեռահաղորդակցման ժամանակակից միջոցների օգնությամբ գյուղմթերքների արտադրության խթանմանը, իրացմանը նպաստելու հետ կապված ծրագիրը, որն արժանացել է կոլեգիայի հավանությանը:
Երևանի քաղաքապետարանը համապատասխան բաժնի, համատիրությունների, շահագրգիռ այլ կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ հանձնաժողովում քննարկվել է բարձրահարկ շենքերում վերելակային տնտեսության անմխիթար վիճակի բարելավման անհրաժեշտության հարցը: Հաշվի առնելով, որ ներկայումս գործնականում հնարավոր չէ ամբողջությամբ թարմացնել վերելակային տնտեսությունը՝ խորհրդակցությունում ընդունվել է որոշում` առաջարկել համապատասխան կազմակերպություններին, թարմացմանը զուգընթաց կազմակերպել վթարային իրավիճակների կանխարգելմանը նպաստող միջոցառումներ, մասնավորապես, որոշ անհրաժեշտ մասերի դրսից գնման, տեղում արտադրության կազմակերպման, որակյալ վերանորոգման ապահովմանը նպաստող քայլեր:
Սպառողների շահերի պաշտպանության ենթահանձնաժողովը, հանրային ծառայությունների գծով աշխատանքային խմբի, ՀՀ էկոնոմիկայի նախարարության համապատասխան բաժնի և զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ կազմակերպած ստուգայցերի միջոցով ներկայացրել է առևտրի ոլորտում թերակշռումների պատկերը, պարբերաբար կատարել համապատասխան ուսումնասիրություններ, որոնց արդյունքները հեռուստատեսությամբ, մամուլով ներկայացրել է հանրությանը:
Ներկայումս` հանձնաժողովում շարունակվում են սպառողների շահերի պաշտպանության համար` անհրաժեշտ տեղեկատվական համակարգի, սոցիոլոգիական ուսումնասիրությունների հիման վրա “Հանրային կարծիքի շտեմարան” տեղեկատվական բազայի, ԱՀՑ-ի շրջանակներում՝ գյուղերում հեռակապի կենտրոնների, հայտարարությունների “Գյուղի տախտակ” կայքի, զանգվածային լրատվամիջոցներով հանրության հետ անմիջական կապի ապահովման կառույցի ձևավորման միջոցով:

Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողով
 
Հանրային խորհրդի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովը /166 անդամ/ բաղկացած է 4 ենթահանձնաժողովից: Հանձնաժողովի կոլեգիան ընդրկում է 11 անդամ: Անցկացվել են 7 լիագումար և 12 կոլեգիայի նիստեր, որոնց ընթացքում քննարկվել են “ՀՀ բնակավայրերի քաղաքաշինական ծրագրերի փաստաթղթերի ապահովման միջոցառումների մասին” և “ՀՀ գյուղական համայնքներում քաղաքաշինական և ճարտարապետական ծառայությունների ապահովման միջոցների մասին” հարցերը /ՀԽ նախագահի ստորագրությամբ ուղղվել է ՀՀ վարչապետին/: Հանձնաժողովի կոլեգիայի անդամները մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման նախարարության կոլեգիայի նիստերին: Քննարկվել և ընթացքի մեջ է Ձորաղբյուր ամառանոցի 5000-ից ավելի բնակիչներ ունեցող բնակավայրի առաջնահերթ հարցերի ուղղությամբ համալիր ծրագրի մշակումը /համաձայն ՀԽ-ին ուղղված բնակիչների դիմումների/, ինչպես նաև այդ բնակավայրին համայնքի կարգավիճակ տալու հարցը: Հանձնաժողովն արտագնա նիստ է գումարել Արագածոտնի մարզի Ուջան համայնքում` համայնքի հասարակական խորհրդի հետ համատեղ, որի արդյունքում օգնություն է ցուցաբերվել գյուղում խմելու ջրի անցկացման, 50 երեխայի համար նախատեսված մանկապարտեզի շահագործման հարցերում: Հանձնաժողովը աշխատանքներ է տանում Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի համայնքների հետ /Վազաշեն, Պառավաքար, Կոթի, Կարմիրաղբյուր/:
Բացի այդ, հանձնաժողովը նիստերում քննարկել են հետևյալ հարցերը`
• Բնակարանային ֆոնդի կառվարման և շահագործման բարելավման ուղղությամբ կառավարության 5-ամյա ռազմավարական ծրագիրը:
• Համայնքների խոշորացման ծրագրի մասին:
• Անտառների շահագործման այլընտրանքային ծրագրի մասին:
• Կրթական համակարգի բարելավման մասին:
• Համայնքներում կանաչապատման տարի հայտարարելու մասին:
Նշված բոլոր հարցերը լուսաբանվել են “Հայաստանի Հանրապետություն” պաշտոնաթերթում և լրատվություն է թողարկվել հեռուստատեսությամբ:

Գենդերային և ժողովրդագրական հարցերի հանձաժողով

Հանրային խորհրդի գենդերային և ժողովրդագրական հարցերի հանձաժողովը /65 անդամ/ բաղկացած է 2 ենթահանձնաժողովից: Հանձնաժողովի կոլեգիան ընդգրկում է 7 անդամ: Հաշվետու ժամանակաշրջանում հրավիրվել է 5 լիագումար և 12 կոլեգիայի նիստեր, որտեղ քննարկվել է “Կանանց դրության բարելավման և հասարակության մեջ նրանց դերի բարձրացման” ազգային ծրագրի կատարման հարցը: Հանձնաժողովը առաջարկել է սահմանել “Ընտանիքի օր” տոնը / ՀԽ գենդերային և ժողովրդագրական հարցերի հանձաժողովի նախագահ Ե.Վարդանյանի ստորագրությամբ ուղղվել է ՀՀ վարչապետին/, քննարկել է “Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին” ՀՀ օրենքը /ՀԽ նախագահի ստորագրությամբ ուղղվել է ՀՀ Նախագահին/, ինչպես նաև ԱԺ-ում քննարկման ժամանակ որոշ առաջարկություններ ներկայացրել “Ընտրական օրենսգրքի” լրամշակված տարբերակի մասին:
Հանձնաժողովը քննարկել է նաև “Ընտանիքի հիմնախնդիրները” հարցը և ներկայացրել է առաջարկություն` անցկացնելու “Ընտանիքի տարի” ծրագիրը: Առաջարկությունն ուղարկվել է ՀՀ կառավարություն:

Ազգային փոքրամասնությունների հարցերի հանձնաժողով

Հանրային խորհրդի ազգային փոքրամասնությունների հարցերի հանձնաժողովը /78 անդամ/ բաղկացած է 3 ենթահանձնաժողովից: Հանձնաժողովի կոլեգիան ընդրկում է 5 անդամ: Անցկացվել են 5 լիագումար և 6 կոլեգիայի նիստեր, քննարկվել են հարցեր` կապված տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիայի կատարման ընթացքի վերաբերյալ ՀՀ զեկույցի հետ, ինչպես նաև 2 միջադեպ Ֆիոլետովո գյուղի հետ կապված: Հանձնաժողովը անցկացրել է 3 արտագնա նիստ, այդ թվում նաև Արարատի մարզի Հովտաշեն գյուղ` կապված 13-ամյա եզդի երեխայի անհետանալու հետ:

Պետաիրավական հարցերի հանձնաժողով

Հանրային խորհրդի պետաիրավական հարցերի հանձնաժողովը /181 անդամ/ բաղկացած է 10 ենթահանձնաժողովից: Հանձնաժողովի կոլեգիան ընդրկում է 12 անդամ: Հաշվետու ժամանակահատվածում գումարվել է 4 լիագումար նիստ /այդ թվում և ընդլայնված/ և կոլեգիայի 8 նիստ:
Պետաիրավական հարցերի հանձնաժողովը ՀՀ փաստաբանների պալատի հետ համատեղ մասնակցել է “Փաստաբանության մասին” ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին” ՀՀ օրենքի նախագծի մշակման աշխատանքներին: Նշված նախագծով նախատեսվել է`
ա/ ստեղծել փաստաբանական դպրոց.
բ/ անվճար իրավաբանական օգնություն ցույց տալու մասով սահմանել սոցիալական անապահով խմբերը, որոնք կարող են իրավաբանական օ•նություն ստանալ նաև քաղաքացիական, սահմանադրական և վարչական գործերով.
գ/ հստակեցնել փաստաբանների պալատի ներկառուցվածքային խնդիրները.
դ/ տարբերակել փաստաբանական կազմակերպությունները, որպես մասնագիտական կազմակերպություններ.
ե/ սահմանել և հստակեցնել փաստաբանների իրավունքները և երաշխիքները:
Ներկայումս, նախագիծը գտնվում է ՀՀ ազգային ժողովում:
Հանձնաժողովը ՀՀ փաստաբանների պալատի հետ համատեղ մշակում է նաև ՀՀ վարչական դատավարության և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքերով նախատեսված դատական ծախսերի մեջ ներառված փաստաբանական ողջամիտ ծախսերին վերաբերող միջին գնացուցակի նախագիծը: Հանձնաժողովն այս նախագիծը լայն քննարկման է դրել և ներկայացրել ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի հաստատմանը:
Նույն կազմակերպության հետ իրականացվել են նաև փաստաբանական գաղտնիքի և մարդու ազատությունների խախտման հետ կապված քննարկումներ, որոնց արդյունքում կազմվել են համապատասխան առաջարկություններ:
Կատարվել է պետության կարիքների համար իրականացվող գործարքների հետ կապված իրավիճակի ուսումնասիրություն և կազմվել է համապատասխան տեղեկանք:
Բացի այդ, հանձնաժողովը “ՀՀ-ում անպտղության աճի”, դպրոցներում սեռական դաստիարակության թեմաներով կազմակերպել են քննարկումներ: Հանձնաժողովը քննարկման առարկա է դարձրել նաև մանկատան երեխաների ետմանկատնյան կյանքին վերաբերող հարցերը և առաջիկա անելիքները տվյալ ոլորտում, նրանց սոցիալական իրավունքների պաշտպանության հարցերը ՀՀ-ում: Քննարկվել են նաև հաշմանդամների զբաղվածության և աշխատանքային իրավունքների հիմնախնդիրների ներպետական օրենսդրության և միջազգային-իրավական ակտերի համապատասխանության հարցերը:
Հանձնաժողովի ներկայացուցիչները մասնակցել են ՀՀ ԱԺ-ի հանձնաժողովներում, ինչպես նաև տարբեր միջազգային կազմակերպությունների կողմից կազմակերպված խորհրդաժողովներում ՀՀ Ընտրական օրենսգրքի նոր տարբերակի քննարկումներին և ՀՀ ԱԺ-ի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով ներկայացրել հանձնաժողովի աշխատանքային խմբի կողմից մշակված ՀՀ Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ բազմաթիվ առաջարկներ:
Պետաիրավական հանձնաժողովը կազմակերպել և պատրաստել է մի շարք օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծեր, ինչպես նաև կազմակերպել և մասնակցել է բազմաթիվ օրենքների կամ օրենքների նախագծերի վերաբերյալ հանրային քննարկումներին:
Ձևավորվել է համագործակցային ցանցեր, որոնց միջոցով իրականացվել են մի շարք ոլորտների, մասնավորապես` ՀՀ քաղաքացիական ծառայության մրցույթների և ատեստացիաների ու նոտարական գրասենյակների մասնակցային մոնիտորինգ:
Հանձնաժողովում մշակվել է ՀՀ հեռուստառադիոհեռարձակողների գործունեության էթիկական սկզբունքների խարտիայի նախագիծ, որի հիմնարար դրույթները տեղ են գտել 12 հեռուստաընկերությունների կողմից ստորագրված Խարտիայի վերջնական տարբերակում:
Հանձնաժողովի ստեղծած աշխատանքային խմբերը մշակել են “Ամբողջականության հիմունքները պետական ծառայությունում” կրթական նոր մոդուլ, որը հետագայում, մի շարք հասարակական կազմակերպությունների կողմից, ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի հետ համագործակցությամբ` ներդրվել է քաղաքացիական ծառայողների պարտադիր վերապատրաստման ծրագրում:
Հանձնաժողովի անդամները` հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ, ՀԽ դիմած շահառուների խնդրանքով մասնակցել կամ ներկա են գտնվել այդ անձանց վերաբերյալ գործերով դատական նիստերին:
Դիմող կողմի և նրա հակառակորդ կողմի վեճի կապակցությամբ վերջիններիս և իրենց փաստաբանների անմիջական մասնակցությամբ քննարկումներ են կազմակերպվել, որի արդյունքում երկու կողմերին առաջարկվել է այլընտրանքային լուծում` հաշտության տարբերակով:

Հանրային խորհրդի անդամ Կարեն Բեքարյանի առաջարկությամբ ՀԽ նիստում քննարկվել և ընդունվել է ՀՀ պետական դրոշի տոնի մասին որոշումը:

Հանրային խորհրդի անդամ Վլադիմիր Մովսիսյանը ՀԽ նիստերի ժամանակ ներկայացրել է 2010 թվականի գյուղմթերումների ընթացքի և իրացման կազմակերպման խնդիրների մասին և ՀՀ-ում ոռոգելի երկրագործության արդյունավետության բարձրացման ուղիների մասին տեղեկատվություն:

Հանրային խորհրդի անդամ Կարինե Դանիելյանը ՀԽ լիագումար նիստերին բազմիցս բարձրացրել է Երևան քաղաքում տիրող բնապահպանական իրավիճակին առնչվող հարցեր, ներկայացրել սանիտարա-հիգիենիկ, քաղաքաշինական և կառուցապատման հետ կապված խնդիրներ: Այդ բոլոր հարցերը քննարկելու նպատակով ՀԽ-ի շրջանակներում ստեղծվել է աշխատանքային խումբ:
ՀՀ Նախագահի հետ հանդիպման ժամանակ Կ.Դանիելյանը հարց բարձրացրեց` Ադրբեջանի հետ տեղեկատվական պատերազմում տանուլ տալու վերաբերյալ, ինչը հետագայում արժանացավ քննարկման և տրվեց լուծում:
Բացի այդ Կ.Դանիելյանի կողմից ՀՀ կրթության և գիտության նախարարությանն ուղղված բազմաթիվ դիմումներից հետո նախարարի հրամանով ստեղծվեց հանձնաժողով, որը պետք է զբաղվի “Կրթություն հանուն կայուն զարգացման” ՄԱԿ-ի տասնամյա ծրագրի իրագործմամբ: Այդ ծրագրի ռազմավարությունը և գործողությունների հաջորդականությունը մշակվել է Կ.Դանիելյանի կողմից:

Հանրային խորհրդի անդամ Խոսրով Հարությունյանը կոորդինացրել է ՀԽ-ի շրջանակներում ստեղծված և գյուղատնտեսական հարցերին նվիրված աշխատանքային խմբի գործունեությունը:

Հանրային խորհրդի անդամ Արմեն Տեր-Տաճատյանը ընդգրկված է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և առաջարկություններ ներկայացնող Մարդու Իրավունքների Պաշտպանի գլխավորությամբ գործող աշխատանքային խմբում և ակտիվորեն մասնակցում է օրենքի վերաբերյալ առաջարկությունների քննարկմանը:

Հանրային խորհրդի անդամ Հովիկ Մուսայելյանը կոորդինացրել է հեռուստառադիոհեռարձակողների գործունեության էթիկական խարտիայի մշակումը և ստորգրումը` կապված հայկական հեռուստաեթերի հաղորդումների բովանդակության հետ /ՀԽ անդամներ Հայկ Դեմոյանի, Հովհաննես Հովհաննիսյանի և Գրիգոր Բադիրյանի հետ համատեղ/, ինչպես նաև ինտերնետ հասանելիության ծառայությունների սակագների իջեցման ու որակի բարձրացման վերաբերյալ ՀԽ շրջանակներում ստեղծված աշխատանքային խումբը /ՀԽ անդամ Արշակ Սադոյանի հետ համատեղ/:

Հանրային խորհրդի անդամ Հովհաննես Թադևոսյանը աջակցել և ապահովել է ՀԽ աշխատանքային խմբի այցելությունները Տավուշի մարզ:


ՀԽ-ին ուղղված դիմում-բողոքներ և առաջարկություններ

2009 մայիսի 5-ից մինչև 2010 թվականի դեկտեմբերի 1-ը ՀՀ Հանրային խորհրդի գրասենյակը ստացել է 411 դիմում-բողոքներ, 95 առաջարկություններ, 33 պաշտոնական գրություններ և 108 այլ գրություններ: Դիմում-բողոքների և առաջարկությունների մեծ մասը ուղղվել է ՀԽ համապատասխան հանձնաժողովներին: Բացի այդ, ՀԽ հանձնաժողովները նույնպես ստացել են բազմաթիվ դիմումներ և առաջարկություններ: ՀԽ նախագահ Վ.Մանուկյանի անձնական հսկողության տակ գտնվող դիմում-բողոքներից 33-ը լուծվել են, 8-ը` ոչ, 12-ը` ընթացքի մեջ են:
ՀԽ 12 ոլորտային հանձնաժողովները ստացել են դիմում-բողոքներ և առաջարկություններ հետևյալ համամասնությամբ`
Կրթություն, գիտություն 44 դիմում-բողոք; 7 առաջարկություն
Պետաիրավական 176 դիմում-բողոք
Քաղաքացիական հասարակություն 30 դիմում-բողոք; 3 առաջարկություն
Ֆինանսատնտեսական 40 դիմում-բողոք; 46 առաջարկություն
Գյուղատնտեսություն 18 դիմում-բողոք; 17 առաջարկություն
Առողջապահություն 54 դիմում-բողոք; 8 առաջարկություն
Տարածքային 11 դիմում-բողոք; 4 առաջարկություն
Պաշտպանություն 20 դիմում-բողոք; 3 առաջարկություն
Ձեռնարկատիրական 12 դիմում-բողոք; 3 առաջարկություն
Ազգային փոքրամասնություն 5 դիմում-բողոք
Գենդերային 2 առաջարկություն
Կրոն-սփյուռք 5 դիմում-բողոք; 2 առաջարկություն

Քաղաքացիների` Հանրային խորհրդին ուղղված դիմումների մեծ մասը վերաբերում է դատական ատյանների անարդար որոշումներ կայացնելուն, այդ թվում`
1. Սեփականության իրավունքի ոտնահարման դեպքեր`
• Հյուսիսային պողոտայի բնակիչների վերաբերյալ;
• Դալմայի այգիների հողօգտագործողների /շուրջ 50 ստորագրություն/ վերաբերյալ /ՀԽ քննարկել և իր եզրակացություններն է ներկայացրել ՀՀ տարածքային կառավարման նախարարություն/;
• Մասնավոր անձանց միջև բնակարանային վեճերի վերաբերյալ;
• Բնակֆոնդի, քաղաքապետարանի, կադաստրի և նոտարական գրասենյակների կողմից անհիմն և ավելորդ խոչընդոտներ ստեղծելու վերաբերյալ:
2. Դատախազների և քննիչների կողմից գործերը սխալ ընթացք տալու դեպքեր;
3. Բանկերից վարկ ստացած և չվերադարձնելու արդյունքում քաղաքացիների սնանկանալու դեպքեր;
4. ՀՀ քաղաքացիների և փախստականների իրավունքների ոտնահարման հետ կապված;

Դիմումների հաջորդ խումբը կազմում են սոցիալական բնույթի հարցերը`
• հաշմանդամների թոշակների հետ կապված;
• բժշկական օգնության դիմում-խնդրանքներ /պետպատվեր, դեղորայք/;
• բալային համակարգի թերության հետևանքով նպաստների վերականգման հետ կապված;
• անօթևանների վերաբերյալ;
• բուհ-ում ուսման վարձի վերաբերյալ;
• աշխատատեղերի ավելացման վերաբերյալ:

Կան նաև բազմաթիվ այլ դիմումներ, կապված`
• ցածր տոկոսադրույքով վարկեր տրամադրելու դիմումների հետ;
• ավանդների վերադարձման հետ;
• ֆինանսական աջակցություն ստանալու դիմումների հետ;
• տրանսպորտային ոլորտի տարաբնույթ հարցերի հետ /սակագներ, նոր ուղիներ, կանգառներ/;
• գազի սակագների և ներտնային ծառայության վճարումների հետ;
• վարչատարածքային փոփոխությունների հետ;
• գյուղերում ճանապարհների նորոգման խնդիրների հետ;
• Երևան քաղաքի աղբահանության խնդիրների հետ;
• Արմենտելի կողմից հավելագրումներ կատարելու հետ;
• ինտերնետի սակագների հետ;
• սպառողների իրավունքների պաշտպանության հետ:

Բազմաթիվ են բողոքները` կապված բնապահպանական հարցերի հետ: Մասնավորապես`
• Հայաստանի տարբեր շրջաններում հանքերի շահագործման հետ կապված;
• Երևանի տարբեր տեղերում ծառահատման, սանիտարական պաշտպանիչ գոտու վերացման վերաբերյալ;
• Քանաքեռ ՀԷԿ-ի եղևնու անտառների հետ կապված;
• Երևանի “Ուսանողական այգում” ծառահատման վերաբերյալ;
• Խոսրովի անտառի հետ կապված;
• Արենի գյուղի արգելոցում սրճարան կառուցելու վերաբերյալ:

Քանի որ պետաիրավական հարցերի հանձնաժողովի ստացած դիմումների քանակը գերակշռող էր, ուստի հանձնաժողովում ստեղծվել և գործում է քաղաքացիների ընդունելության աշխատանքային խումբ: Համապատասխան ենթահանձնաժողովների միջոցով ՀԽ դիմած շահառուներին տրամադրվել է իրավաբանական խորհրդատվություն, ուսումնասիրվել քաղաքացիների կողմից ՀԽ հասցեագրված մի շարք դիմումներ և տրվել են պատասխաններ:
Դիմումները վերլուծելով հանձաժողովի փորձագետները եկել են այն եզրակացության, որ իրավական շատ խնդիրներ առաջանում են քաղաքացիների` իրենց իրավունքների մասին անտեղյակության, պասիվ դիրքորոշման, պաշտոնյաների ոչ պատշաճ գործելակերպի, ինչպես նաև քաղաքացիների մեծամասնությանը որակյալ իրավաբանական խորհրդատվության և ծառայությունների անմատչելիության արդյունքում:

Հանրային խորհրդին ուղղված վերը նշված դիմումների քննարկումների ու ուսումնասիրությունների արդյունքում կարելի է հետևություն անել պետաիրավական համակարգի, քաղաքապետարանի /մասնավորապես, ճարտարապետա-շինարարական և անշարժ գույքի վարչությունների/ և ՀՀ կառավարությանն առընթեր պետական կադաստրի վարչության գործունեության հետ կապված կոռուպցիոն ռիսկեր պարունակող բազմաթիվ գործառույթների առկայությամբ, որոնք պայմանավորված են նաև այդ ոլորտների օրենսդրական դաշտի անկատարությամբ:

Հանրային խորհուրդը հասարակական կազմակերպություններից և անհատներից ստացել է շուրջ 95 առաջակություններ, որոնք հասցեագրվել են համապատասխան հանձնաժողովներին` քննարկումներ կազմակերպելու նպատակով: Այդ առաջարկություններից են`
• Էներգետիկների համայկական ասոցիացիայից` կապված էներգետիկայի համակարգում ուսումնական կենտրոնի ստեղծման հետ, որը պետք է պատրաստի և վերահսկի այս ոլորտի կադրերին;
• Ավիացիայի նախկին աշխատողներից` փոքր ավիացիայի զարգացման հայեցակարգը;
• Սփյուռքի ենթահանձնաժողովի անդամ Ա.Կարապետյանից` Երևանի բնակարանային ֆոնդի պահպանման և տանիքների վերանորոգման վերաբերյալ;
• Քաղաքացի Վ.Վարդանյանից` հայկական ստանդարտ հիմնելու վերաբերյալ;
• Պատմա-մշակույթային արժեքների ենթահանձնաժողովի նախագահ Ժ.Ասրյանից` սփյուռքում ՀԽ ներկայացուցիչներ ունենալու հետ կապված;
• Մշակույթի ենթահանձնաժողովի անդամ Գ.Ներսիսյանից` Երևանում Գարեգին Նժդեհի արձանի տեղադրման վերաբերյալ;
• ՀԽ անդամ Յ.Ջավադյանից` համատեղ առևտրային ընկերություններ ստեղծելու վերաբերյալ /ՀԽ-ի նախագահի ստորագրությամբ ուղղվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարին/;
• Հեռուստաեթերից հնչող լեզվի մաքրության վերաբերյալ, և այլն:

ՀՀ Հանրային խորհուրդ
5 մայիսի, 2011 թվ., ք.Երևան

← Վերադառնալ ցուցակին