ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՏԻՊԱՅԻՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ (ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ)
Սույն տիպային կանոնակարգը ՀԽ բոլոր հանձնաժողովների համար հանդիսանում է գործող կանոնակարգ: Հանրային Խորհրդի հանձնաժողովները իրենց գործունեության արդյունավետությունը ապահովելու համար, ելնելով ոլորտային առանձնահատկություններից, տիպային կանոնակարգում կարող են կատարել համապատասխան լրացումներ:
ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հանրային Խորհրդի հանձնաժողովը կառուցվածքային խորհրդակցական մարմին է, որն ստեղծվել է ոլորտային գործունեության սկզբունքով Հանրային Խորհրդի կանոնադրության պահանջների համաձայն և գործում է Հանրային Խորհրդի կանոնադրությամբ սահմանված լիազորությունների շրջանակներում և տվյալ հանձնաժողովի կանոնակարգով:
ԳԼՈՒԽ 2. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆՊԱՏԱԿՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ
Հանրային Խորհրդի հանձնաժողովի գործունեության նպատակն ու խնդիրները բխում են Հանրային Խորհրդի կանոնադրության Գլուխ 2-ում սահմանված դրույթներից, հաշվի առնելով հանձնաժողովի ծրագրային ոլորտային առանձնահատկությունները:
ԳԼՈՒԽ 3. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԸ
1. Հանձնաժողովը կազմավորվում է Հանրային Խորհրդի կանոնադրության 19-րդ կետով նախատեսված կարգով:
Հանձնաժողովի անդամը իրավունք ունի`
ա. անդամակցել միայն մեկ հանձնաժողովի;
բ. մասնակցել այլ հանձնաժողովի կամ հանձնաժողովների աշխատանքներին` խորհրդակցական ձայնի իրավունքով;
գ. ներգրավվել տվյալ հանձնաժողովի ենթահանձնաժողովներում, աշխատանքային խմբերում, ինչպես նաև միջհանձնաժողովային աշխատանքային խմբերում;
դ. հանդես գալ աշխատանքային խումբ ստեղծելու նախաձեռնությամբ` տեղյակ պահելով հանձնաժողովի նախագահին (տվյալ դեպքում հրավիրվածների գործուղման ծախսերը չեն փոխհատուցվում);
ե. մեկ անգամ տեղափոխվել հանձնաժողովից հանձնաժողով ՀԽ նախագահին և համապատասխան հանձնաժողովների նախագահներին ուղղված դիմումի համաձայն` տեղյակ պահելով նրան առաջադրած կազմակերպությանը:
ՀԽ հանձնաժողովի կանոնակարգը, պահանջները, կարգապահական կանոնները, ինչպես նաև բարոյա-էթիկական նորմերը խախտելու դեպքում, հանձնաժողովի անդամի նկատմամբ ՀԽ-ը տվյալ հանձնաժողովի կոլեգիայի ներկայացմամբ, կարող է կիրառել կարգապահական տույժեր, ընդհուպ մինչև վերը նշված անդամի հանձնաժողովի անդամության դադարեցումը, տեղյակ պահելով նրան առաջադրած հասարակական միավորին:
ԳԼՈՒԽ 4. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հանրային խորհրդի հանձնաժողովի իրավունքները` կապված պետական կառավարման մարմինների, ՀՀ ԱԺ-ի, ՀՀ Կառավարության, տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների փոխհարաբերությունների հետ (տեղեկատվության փոխանակում, առաջարկությունների ներկայացում, քննարկումներին մասնակցություն եւ այլն), կարգավորվում են Հանրային Խորհրդի կողմից: Հանրային խորհրդի իրավասությունները, կապված վերոնշյալին, արտացոլված են ՀԽ կանոնադրության Գլուխ 5, կետ 35, 36, 37 եւ կհստակեցվեն ԱԺ եւ կառավարության կանոնակարգերում համապատասխան փոփոխություններ կատարելուց հետո, ինչպես նաեւ ՀՀ նախագահի հրամանագրերի միջոցով:
ԳԼՈՒԽ 5. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ և ՄԱՐՄԻՆՆԵՐԸ
1. Հանձնաժողովը իր աշխատանքները կազմակերպում է լիագումար նիստերի, աշխատանքային քննարկումների, ենթահանձնաժողովների և աշխատանքային խմբերի, հանրային լսումների, քաղաքացիների ընդունելության, հանդիպումների և իր լիազորությունների արդյունավետ իրականացումն ապահովող այլ միջոցներով:
2. Հանձնաժողովն իրավասու է իր աշխատանքներում ներգրավել հասարակական միավորումների ներկայացուցիչների, փորձագետների և հանձնաժողովում չընդգրկված այլ փորձառու մասնագետների:
3. Հանձնաժողովի կառուցվածքային մարմիններն ենª նախագահը, կոլեգիան և ենթահանձնաժողովը:
4. Հանձնաժողովի կառուցվածքը, ենթահանձնաժողովների ցանկը ու դրա հետագա փոփոխությունները քննարկվում և ընդունվում են հանձնաժողովի նիստում և հաստատվում են Հանրային Խորհրդի կողմից:
5. Հանրային Խորհրդի համապատասխան հանձնաժողովն իրավունք ունի տվյալ հանձնաժողովի ոլորտին առնչվող հարցերը քննարկելու համար ստեղծել աշխատանքային և փորձագիտական խմբեր:
6. Աշխատանքային խմբերը քննարկում են աշխատանքային խումբ ստեղծելու որոշմամբ սահմանված հարցերը և ընդունված ժամանակացույցի համաձայն արդյունքները ներկայացնում են տվյալ հանձնաժողովի նիստում, վերջինս քննության արդյունքում ձևավորված առաջարկությունով կարող է հանդես գալ Հանրային Խորհրդի նիստում:
7. Հանրային Խորհրդի համապատասխան հանձնաժողովի նիստում որոշումներն ընդունվում են նիստի մասնակիցների պարզ մեծամասնությամբ: Ոլորտային հանձնաժողովի առաջարկությունը ՀԽ նիստում հաստատվելուց հետո դառնում է ՀԽ առաջարկություն և որպես այդպիսին ներկայացվում է ՀՀ Նախագահին, ՀՀ ԱԺ կամ ՀՀ Կառավարությանը: Հակառակ դեպքում այն մնում է որպես Հանրային Խորհրդի համապատասխան հանձնաժողովի որոշում և կարող է հրապարակվել մամուլում:
8. Հանրային Խորհրդի հանձնաժողովները իրավասու են անցկացնել նիստեր ոչ պակաս, քան երկու ամիսը մեկ` դրանցում քննարկելով տվյալ հանձնաժողովի ոլորտին առնչվող բազմաբնույթ հարցեր: Հանրային Խորհրդի համապատասխան հանձնաժողովի նիստ հրավիրելու կազմակերպչական հարցերը դրվում են Հանրային Խորհրդի աշխատակազմի վրա:
9. Հանրային Խորհրդի հանձնաժողովների նիստերը հրավիրվում են`
ա. Հանրային Խորհրդի որոշման համաձայն;
բ. Հանրային Խորհրդի նախագահի կողմից;
գ. Հանրային Խորհրդի համապատասխան հանձնաժողովի նախագահի կողմից;
դ. Հանրային Խորհրդի համապատասխան հանձնաժողովի անդամների 1/3 պահանջով;
ե. Հանրային Խորհրդի տվյալ հանձնաժողովի ենթահանձնաժողովի պահանջով;
զ. Հանրային Խորհրդի հանձնաժողովի կոլեգիայի առաջարկությամբ;
է. Հանրային Խորհրդի հանձնաժողովների նիստեր հրավիրողը մշակում և կազմում է Հանրային Խորհրդի համապատասխան հանձնաժողովի նիստի օրակարգը: Հանձնաժողովի անդամը իրավունք ունի օրակարգ մտցնել լրացուցիչ հարցեր, եթե դրանք ընդունվում են քվեարկությամբ` ՀԽ տվյալ հանձնաժողովի նիստում:
10. Հանրային Խորհրդի համապատասխան հանձնաժողովի նիստը համարվում է իրավազոր, եթե նիստին մասնակցում են նրա անդամների թվի կեսից ավելին: Եթե հանձնաժողովի անդամը բացակայում է անընդմեջ երկու նիստերից, ապա նա չի դադարում հանձնաժողովի անդամ լինելուց, սակայն հանձնաժողովի երրորդ նիստին նրա չներկայանալու դեպքում վերը նշված անդամի բացակայությունը չի հաշվարկվում քվորումի մեջ:
11. Հանրային Խորհրդի համապատասխան հանձնաժողովի կազմը համալրելու հարցը որոշվում է ՀԽ կողմից` համաձայնեցված տվյալ հանձնաժողովի նախագահի հետ:
12. Հանրային Խորհրդի հանձնաժողովներին ՀՀ քաղաքացիների, հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև Հանրային Խորհրդի կողմից հասցեագրված դիմումները և առաջարկությունները քննարկվում են և դրանց տրվում է պատասխան համաձայն ՀՀ “Քաղաքացիների առաջարկությունների, դիմումների և բողոքների քննարկելու կարգի մասին” օրենքի:
13. Հանձնաժողովի նախագահը`
ա. ապահովում է հանձնաժողովի արդյունավետ գործունեությունը.
բ. հրավիրում և վարում է հանձնաժողովի նիստերը;
գ. ստորագրում է հանձնաժողովի որոշումները, նիստերի արձանագրությունները, ելից փաստաթղթերը;
դ. ստացված առաջարկությունների, դիմումների, ՀԽ հանձնարարականների, քննարկումների արդյունքների հիման վրա ենթահանձնաժողովներին և աշխատանքային խմբերին տալիս է հանձնարարականներ` աշխատանքները կազմակերպելու, ընդունված որոշումները կատարելու, քննարկման համար նախագծեր պատրաստելու վերաբերյալ;
ե. ՀԽ, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ փոխհարաբերություններում հանդես է գալիս հանձնաժողովի անունից;
զ. անհրաժեշտության դեպքում իրականացնում է աշխատանքի բաժանում ենթահանձնաժողովի անդամների եւ հանձնաժողովի կազմում ձևավորված աշխատանքային խմբերի միջև;
է. դիմում է ՀԽ` միջհանձնաժողովային աշխատանքային խմբեր ձևավորելու առաջարկությամբ;
ը. կազմակերպում է հասարակական քննարկումներ և հանրային լսումներ;
թ. հանձնաժողովի նախագահի բացակայության դեպքում հանձնաժողովի աշխատանքների ղեկավարումն իրակացնում է հանձնաժողովի անդամներից մեկը` հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ;
ժ. հանձնաժողովի նախագահը իր բացակայության դեպքում, իրվունք ունի ՀԽ նիստին գործուղել համապատասխան հանձնաժողովի որևէ անդամի` տեղյակ պահելով ՀԽ նախագահին:
ՀԱՎԵԼՎԱԾ
ՀԽ հանձնաժողովի տիպային կանոնակարգի
1. Հանրային Խորհրդի հանձնաժողովի կազմում ձևավորվող ենթահանձնաժողովների քանակը չի կարող գերազանցել ՀԽ կանոնադրության Գլուխ 3, կետ 15-ում նշված հանձնաժողովների ոլորտների թիվը: Անհրաժեշտության դեպքում, ՀԽ հանձնաժողովի հիմնավորմամբ և ՀԽ համաձայնությամբ կարող են ստեղծվել լրացուցիչ ենթահանձնաժողովներ:
2. Ենթահանձնաժողովի կազմը ձևավորվում է տվյալ հանձնաժողովի անդամների ցանկությամբ: Ենթահանձնաժողովը կազմված է նվազագույնը 12 անդամից:
3. Ենթահանձնաժողովի նախագահը ընտրվում է տվյալ ենթահանձնաժողովի անդամների կողմից բաց քվեարկությամբ: Ենթահանձնաժողովի անդամների որոշմամբ կարող է անցկացվել փակ քվեարկություն:
4. ՀԽ յուրաքանչյուր անդամ (բացառությամբ ՀԽ նախագահի), ով հանձնաժողովի նախագահ չէ, կամավորության սկզբունքով, ՀԽ նախագահի կողմից որոշված նպատակահարմարությունից ելնելով ներգրավվում է մեկ կամ երկու հանձնաժողովներում: ՀԽ յուրաքանչյուր հանձնաժողովում ներգրավված ՀԽ անդամների թիվը պետք է լինի ոչ ավելի, քան երեքը:
5. ՀԽ ոլորտային հանձնաժողովների, ենթահանձնաժողովների և աշխատանքային խմբերի գործունեությունը համակարգելու, հանձնաժողովների և ՀԽ միջև լիարժեք փոխհամագործակցություն և փոխհամաձայնություն ապահովելու նպատակով յուրաքանչյուր հանձնաժողովում ստեղծվում է կոլեգիա (նախագահություն): Կոլեգիան (նախագահությունը) բաղկացած է.
ա. Հանձնաժողովի նախագահից, որը հանդիսանում է կոլեգիայի նախագահ,
բ. Ենթահանձնաժողովների նախագահներից,
գ. Տվյալ հանձնաժողովի կողմից ստեղծված աշխատանքային խմբերի ղեկավարներից,
դ. Կոլեգիայի կազմում հանձնաժողովի նիստի որոշմամբ կարող են ընդգրկվել նաև բարձր որակավորում ունեցող մինչև 3 մասնագետ, փորձագետ, հասարակական միավորումների ներկայացուցիչ:
Հանձնաժողովում ՀԽ նախագահի որոշմամբ ներգրավված ՀԽ անդամները մասնակցում են հանձնաժողովների կոլեգիաների նիստերին` ցանկության դեպքում դառնալով կոլեգիայի անդամ:
Փոքրաթիվ անդամ ունեցող հանձնաժողովի կոլեգիայում ՀԽ հանձնաժողովի նախագահ չհանդիսացող անդամների թիվը չի կարող գերազանցել երկուսը: