Ենթահանձնաժողովների համատեղ նիստ՝ մի շարք հարցերի քննարկմամբ
20.02.2012
Ս.թ. փետրվարի 15-ին ՀՀ Հանրային խորհրդի Ֆինանսատնտեսական և բյուջետային հանձնաժողովի գիտարդյունաբերական և նորագույն տեխնոլոգիաների ենթահանձնաժողովն ու Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի բժշկական և սոցիալական օգնության որակի վերահսկաման և էթիկայի հարցերի ենթահանձնաժողովն անցկացրեցին համատեղ նիստ:
Օրակարգում ընդգրկված հիմնական հարցերը հետևյալն էին՝ ոչ սպեցիֆիկ հակաթույների մշակումը, նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի կողմից ստեղծվող նոր դեղերը, ակտիվացված ջրի ստացումն ու այդ սարքավորման սերիական թողարկումը, իոնիզացված ջրի կենտրոն ստեղծելու հարցը:
Ֆինանսատնտեսական և բյուջետային հանձնաժողովի նախագահ Վ. Սաֆարյանը, ներկայացնելով օրակարգի հարցերը, կարևորեց Հայաստանում հասարակական կարծիքի ձևավորումը դեղերի քաղաքականության նկատմամբ, ինչը, նրա խոսքով, ազգային անվտանգության խնդիր է:
Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի տնօրեն Օ. Թոփուզյանն իր ելույթում տեղեկացրեց, որ կան որոշ դեղեր, որոնք կարելի է արտադրել Հայաստանում և արտահանել Ռուսաստան: Նա նշեց, որ խնդիրի լուծումը միայն ինստիտուտի մակարդակով երկար ժամանակ կպահանջի, իսկ արագ լուծման համար անհրաժեշտ են ներդրումներ:
ՀՀ Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի բժշկական և սոցիալական օգնության որակի վերահսկման և էթիկայի հարցերի ենթահանձնաժողովի նախագահ Ս. Դաղբաշյանն այս հարցում կարևորեց պետության կողմից խիստ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը` ընդգծելով այն հանգամանքը, որ դեղարտադրողները հիմնականում շահույթ հետապնդող մասնավոր կառույցներ են:
Ֆիզիոլոգիայի ինստիտուտի լաբորատորիայի վարիչ Ա. Ոսկանյանը, ելույթ ունենալով ոչ սպեցիֆիկ հակաթույների մշակման խնդրի վերաբերյալ, նշեց, որ սպեցիֆիկ հակաթույները համարվում են «օռֆոնդրաքս» դեղեր /դրանք այն դեղերն են, որոնց արտադրությունը թանկ է, բայց սպառումը քիչ, այդպիսի դեղերը գտնվում են պետության հովանավորության տակ/: Նա սպեցիֆիկ հակաթույներից առանձնացրեց տաուրինը, որը պետք է հաստատել նախահետազոտական ուսումնասիրությունների միջոցով:
Ոսկանյանն ընդգծեց, որ տաուրինը շատ կարեւոր է նախնական բուժօգնության համար, երբ մարդը գտնվում է հիվանդանոցներից հեռու կամ անմարդաբնակ տարածությունում, և կյանքը փրկելու համար անհրաժեշտ է նախնական օգնություն ցուցաբերել, մինչև խայթվածին կհասցնեն հիվանդանոց և կներարկեն հակաթույն /տաուրինի և հակաթույնի օգտագործումը համատեղելի է/: «Տաուրինը 1/3-ով թուլացնում է թույնի ազդեցությունը օրգանիզմի վրա: Խնդիրն այն է, որ տաուրինը՝ որպես հակաթույն օգտագործելու համար, անհրաժեշտ է բժշկական թույլտվություն,-ասաց նա,-և որպեսզի հաստատվի տաուրինի կիրառությունը՝ որպես հակաթույն, անհրաժեշտ է կատարել կլինիկական հետազոտություն, որն արժե մոտովորապես 64 միլիոն դրամ»:
Օրակարգի 3-րդ հարցի վերաբերյալ ելույթ ունեցավ Հայկակական տեխնոլոգիական ակադեմիայի նախագահ Վ. Դավթյանը, ով կարևորեց իոնիզացված ջրի կենտրոն ստեղծելու անհրաժեշտությունը՝ միաժամանակ տեղեկացնելով, որ այդպիսի կենտրոն կա Տաշքենդում: Նա նշեց, որ ջրի իոնացման հարցում կարևոր է նաև այն, որ ջուրը կարելի է ստեղծել ցանկացած բաղադրությամբ:
ՀՀ ՀԽ ՖՏԲ գիտաարդյունաբերական և նորագույն տեխնոլոգիաների ենթահանձնաժողովի անդամ Պ. Միրզոյանցը խոսեց ակտիվացված ջրի ստացման սարքի սերիական թողարկման անհրաժեշտության մասին՝ նշելով, որ օրինակ, իոնացված ջուրը բարձրացնում է բերքատվությունը:
Նիստի վերջում Ս. Դաղբաշյանն առաջարկեց օրակարգի հարցերը համապատասխան մասնագետների մասնակցությամբ քննարկել ՀԽ առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովում և անհրաժեշտության դեպքում դիմել կառավարությանը: